ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի` պահպանված նախագծերի և նկարների հիման վրա։ Նման կարծիք է հայտնել «Պատմական և մշակութային հուշարձանների պահպանման համառուսական միություն» հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի նախագահ Արտյոմ Դեմիդովը` տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
Երեկ, Փարիզի ժամանակով 18.30 Աստվածամոր տաճարում միացել է հրդեհի մասին տեղեկացնող ազդանշանային համակարգը։ Տաճարում գտնվող մարդիկ տարհանվել են։ Հրդեհի հետևանքով փլուզվել են տաճարի գմբեթն ու տանիքը։
«Ճիշտ է` ահռելի աշխատանք կա կատարելու, սակայն քանի որ տաճարը մշտապես գտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում` կան մի շարք նկարներ, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի վերականգնել այն»,–ասել է Դեմիդովը։
France24-ից էլ տեղեկանում ենք, որ մի քանի ժամ կրակի դեմ պայքարելուց հետո, հրշեջներին հաջողվել է լիակատար ավերումից փրկել տաճարը:
ՌԻԱ Նովոստին տեղեկացնում է նաև, որ արդեն մի շարք մարդիկ տեղեկացրել են, որ նվիրատվություններ կանեն` տաճարի վերակառուցման համար։
Փարիզի քաղաքապետարանն, օրինակ, 50 մլն եվրո է տրամադրելու, իսկ, ահա, LVMH ընկերությունների խումբը (LVMH Moët Hennessy Louis Vuitton) և նրա տնօրենների խորհրդի նախագահ Բեռնար Առնոյի ընտանիքը հայտարարել են 200 մլն եվրո նվիրաբերելու մտադրության մասին:
Իլ դը Ֆրանս տարածաշրջանը 10 մլն եվրո կհատկացնի հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարին օգնություն տրամադրելու համար։
Արվեստի գործերը, որոնք չեն վնասվել հրդեհից, տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան։
Agence France-Presse-ը հաղորդում է, որ ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն տաճարի վերակառուցման համար կհատկացնի 100 մլն եվրո։
Ի դեպ, ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ հրդեհը կարող է վերականգնողական աշխատանքներից առաջացած լինել։