Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել է նրա գտնվելու վայրն ու հասցեն

Արթուր Վանեցյանի հայտարարությանը հաջորդել է հետախուզության մեջ գտնվող նախկին պատգամավորի գրասենյակի հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը համարում է, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր թատերական հայտարարություն է արել։ Այս մասին նշված է Պողոսյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Միհրան Պողոսյանի տեղը հայտնի է. Վանեցյանը` «Քեթրինի Միհրանի» մասին

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողներին ասել է, որ Պողոսյանի գտնվելու վայրը հայտնի է։

«ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում հանրությանը թատերական հայտարարություններով ներկայանալու ցանկացած առիթ։ Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Իհարկե՛ հայտնի է։Միհրան Պողոսյանը հարուցված գործի շրջանակներում առաջին իսկ օրվանից տրամադրել է իր գտնվելու վայրն ու հասցեն։ Եվս մեկ անգամ վերահաստատում ենք այն՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 139»,– նշված է հայտարարության մեջ։

Պողոսյանի գրասենյակից նշում են, որ ՀՔԾ քննիչին տրամադրվել է նաև նրա հեռախոսահամարը։

Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել.միլիոնների չարաշահումներ են բացահայտել

«Կոչ ենք անում պատկան մարմիններին անտեղի չվատնել պետական ռեսուրսներն ու բեմականացված հայտարարություններով չփորձել օրենքի անխոնջ պահապաններ ներկայանալ։ Ձեր առաջնահերթ գործառույթը օրենքի և արդարության հաստատումն է»,– նշել են նրանք:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակում Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ապրիլի 13-ին ՀՔԾ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: