«Լուսավոր Հայաստանն» անընդունելի է համարում կառավարության «պլանային» պարգևավճարները

«Լուսավոր Հայաստանի» վանաձորցի պատգամավորը քննադատում է Լոռու մարզպետարանի աշխատանքը և անընդունելի համարում մարզպետարանի աշխատակիցների ու մարզպետի ստացած պարգևատրումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության վանաձորցի պատգամավոր Արմեն Եղիազարյանն անընդունելի է համարում ապրիլի 12-ին Լոռու մարզպետարանում բաժանված պարգևավճարները: Պատգամավորն այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ամբիոնից: Նա նշեց, որ պարգևավճարները տրամաբանական կլինեին, եթե փաստարկված լինեին մարզպետարանի աշխատանքի արդյունքներով:

«Լոռու մարզում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ֆոնին առնվազն անընդունելի է մարզպետարանի աշխատակիցներին տրված նման գնահատականը: Մարզում կան ճանապարհային, սոցիալական, համայնքային բազմաթիվ խնդիրներ, որոնք ուղղակիորեն կապ ունեն մարզպետարանի աշխատանքների հետ»,- ասաց Եղիազարյանը:

Նա նաև նշեց` թեև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հանդես է եկել ծավալուն պարզաբանմամբ, բայց ոչ մի խոսք չի ասել այն մասին, թե որ աշխատանքի համար է պարգևատրել մարզպետարանի աշխատակիցներին:

Կրկին պարգևավճարներ. Լոռու մարզպետը պարգևատրել է ինքն իրեն ու 15 աշխատակցի

«Միակ մեկնաբանությունն այն է, որ կա նախատեսված գումար, և այն պետք է օգտագործվի: Մենք դատապարտում ենք կառավարության որդեգրած այս պլանային պարգևատրումները և կոչ ենք անում կառավարությանը վերանայել պարգևատրման նման սկզբունքները»,- ասաց ԼՀԿ անդամ պատգամավորը:

Հիշեցնենք` Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ապրիլի 12-ին պարգևատրել է ինքն իրեն և մարզպետարանի ևս 15 աշխատակցի, իրեն` 496.050 դրամով, աշխատակիցներին` ընդհանուր առմամբ 3 մլն դրամով: Ավելի ուշ Անդրեյ Ղուկասյանը պարզաբանել էր, որ մարզպետարանի բոլոր 130 աշխատակիցները պարգևատրվել են աշխատավարձի 40-100 տոկոսի չափով, ինքը` 75 տոկոսի: Ըստ մարզպետի` Լոռու մարզպետարանի պարգևավճարների տարեկան ֆոնդը 93 միլիոն դրամ է։