Հռետորական հարց` ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ. Հարությունյանը պատասխանում է Հայկ Խանումյանին

Հարությունյանը համարում է, որ Մաղավուզի քարածխի հանքի շնորհիվ մեզ կհաջողվի մեր էներգետիկ համակարգը տևական ժամանակով անկախ դարձնել արտաքին գործոններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյան Facebook-ի իր էջում անդրադարձել է Մաղավուզի քարածխի հանքի թեժացող թեմային և պատասխանել ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի «անպատասխանատու հայտարարություններին»։

«Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքի ծրագիրը մինչև պատգամավորի հայտարարությունները եղել է Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից իրականացված ոչ հրապարակային նախագծերից մեկը: Ուստի, առիթն օգտագործելով, կհորդորեի մեր քաղաքական ուժերին, հատկապես նորաստեղծ և ընդդիմադիր, նման հարցերում սեփական քաղաքական շահը վեր չդասել պետական շահերից և ականջահաճո հայտարարությունների համար անզգույշ քայլեր չանել»,–գրել է Հարությունյանն ու ներկայացրել նախապատմությունը:

Թեղուտի հանքի պատճառով իրենց այգիներից զրկված 2 գյուղացիները փոխհատուցում կստանան

2010թ.-ին, երբ ակտիվ քննարկվել է Հայաստան ներկրվող գազի գնի թանկացման հարցը, որը բացասական հետևանքներ էր ունենալու մեր հայրենիքի ողջ էներգետիկ համակարգի վրա, այլընտրանքային էներգիայի աղբյուրի առաջարկման համար Արցախի կառավարությունը սկսել է քննարկել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը: Դիտարկվել են Խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները, որոնց համաձայն՝ հանքում առկա է մոտ 4 մլն տոննա C1 և C2 և 7 մլն տոննա P1 (ևս 2 մլն տոննա P2) կատեգորիաների հանքանյութ: Հանքանյութի արդյունահանման և հարստացման դեպքում հնարավոր է այն օգտագործել ինչպես կոշտ վառելիք ջեռուցման համար, այնպես էլ Երևանի՝ հատուկ այդ նպատակով հարմարեցված ՋԷԿ-ում էլեկտրաէներգիա ստանալու համար:

«Որպես ներդրող՝ մեզ դիմել է Հայկ Արամի Խաչատրյանը՝ ներկայացնելով համապատասխան ներդրումային ծրագիր: Այն հավանության արժանանալուց հետո 2010թ.-ին նա Արցախում գրանցել է «Հասա ՍՊԸ»-ն (հետագայում վերանվանել է «Հասա Գրուպ»): Հ. Խաչատրյանը մի քանի տարիների ընթացքում կատարել է միլիարդների հասնող ներդրումներ՝ ինչպես հետախուզական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, այնպես էլ հանքի հարակից տարածքում կառուցելով հարստացուցիչ ֆաբրիկա՝ զինված արդի սարքավորումներով:

Թևանյան․ «Մենք պետք է տեղ բացենք Արցախի համար՝ չնվազեցնելով Հայաստանի դերակատարումը»

Դրան զուգահեռ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը կատարել է ուսումնասիրություն Մաղավուզի քարածխից նավթ ստանալու համար: 2015թ.-ի վերջին, լաբորատոր պայմաններում ունենալով դրական արդյունք և հաստատելով, որ հանքավայրից կարող ենք ստանալ ավելի քան 400 հազար տոննա կամ շուրջ 200 մլն ԱՄՆ դոլարի նավթ, համալսարանում ձեռնամուխ են եղել դրա օգտագործման սխեման մշակելուն, որն այսօր արդեն պատրաստ է: Սակայն 2016թ.-ի ապրիլյան պատերազմը ստիպեց մեզ վերանայել Մաղավուզի քարածխի հանքի շահագործման հարցը, քանի որ, եթե գազի գնի նվազումը ձեռնտու չէր ներդրողին հանքանյութի արդյունահանման համար, ապա նավթի արտադրության հնարավորությունը, կարծում եմ, ինքներդ եք հասկանում՝ պետք է որ գայթակղիչ լիներ»,–գրել է Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետը տեղեկացրել է նաև, որ Գերմանիայում 1920-ական թվականներից քարածխից նավթ ստանալու տեխնոլոգիան արդեն լայն կիրառում էր ստացել: Այն մեծ ծավալով արտադրվում էր նաև Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Ներկայումս այս ուղղությունը ինտենսիվ զարգանում է նավթի մեծ պաշարներ ունեցող Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Չինաստանի նավթարդյունաբերության մեջ էական տոկոս է կազմում: Հատկանշական է, որ Չինաստանում առկա հանքերի և Մաղավուզի հանքի քարածուխները գրեթե նույն ցածր կալորիականությունն ունեն:

«Ուստի, հաշվի առնելով հնարավոր պատերազմի, շրջափակման և ճգնաժամային այլ իրավիճակներում հայտնվելու հավանականությունը, ԱՀ և ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել, որպես պետպահուստ, կոնսերվացնել Մաղավուզի քարածխի հանքը:

Հայաստանի իշխանությունը «մաֆիային չի սատարում». նոր օրենքը կօգնի հսկել հանքերի շահույթը

Այստեղ նույնպես դասեր ենք քաղել մեր անցյալից։ Հիշողություն ունեցողները կհիշեն 1990-ական թվականներին մեր հայրենակիցների վիճակը, երբ ջեռուցման համար արդեն տան մանրատախտակն էին քանդում-այրում, իսկ նավթամթերքի պակասից անասելի դժվարություններ էինք կրում թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական կյանքում։ Այս է պատճառը, որ «Արցախի ներդրումային հիմնադրամը» թողարկել է ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ պարտատոմսեր, որոնց տեղաբաշխման գործում աջակցել է ՀՀ կառավարությունը: Արդյունքում ներդրողից այն գնել ենք առանց պետական բյուջեից մեկ դրամ անգամ ծախսելու»,–տեղեկացրել է Հարությունյանը։

Գագիկ Բախտամյանի անունը իր անձի հետ կապելը նա համարում է շղթայում հերթական սադրանքը: Հարությունյանը նշում է, որ նշված անձը իր համադասարանցին է, սակայն «Հասա Գրուպ»-ում աշխատում էր ընդամենը որպես անվտանգության ծառայության աշխատակից, և հետագայում վաճառքի հետ կապված գործարքը հեշտացնելու համար ներդրող Հայկ Խաչատրյանն ինքն է ընտրել այդ ձևաչափը՝ ստեղծել նոր կազմակերպություն նրա անունով:

«Ինչ ունենք այսօր... մի ընկերություն, որը կարող է ճգնաժամային իրավիճակներում հաշված օրերի ընթացքում Արցախը և Հայաստանը ապահովել՝

• կոշտ վառելիքով, որի արժեքը կլինի առնվազն 120 մլն ԱՄՆ դոլար (4 մլն տոննան բազմապատկենք նվազագույն գնով՝ 1 տոննան 30 ԱՄՆ դոլարով (փայտանյութի գնով)),

• հեղուկ վառելիքով, որի արժեքը, արդեն նշեցի, կլինի 200 մլն ԱՄՆ դոլար,

• էլեկտրաէներգիայով, եթե տեղափոխենք Երևանի ՋԵԿ»–հետգրության մեջ տեղեկացնում է Հարությունյանը:

Արցախի նախկին վարչապետը կարծում է, որ այս քայլերով մեզ կհաջողվի մեր միասնական հայրենիքի էներգետիկ համակարգը տևական ժամանակով անկախ դարձնել արտաքին գործոններից: «Հիմա հռետորական հարց եմ տալիս. ճի՞շտ ենք արել, թե՞ սխալ…»,–հարցնում է Հարությունյանը