ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախյան հակամարտության կողմերն այժմ քննարկում են հարցեր, որոնք, կարգավորման գործընթացի մաս չլինելով, այնուամենայնիվ, նպաստում են հակամարտության գոտում լարվածության նվազմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը` մեկնաբանելով ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը։
Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ նախարարներն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները նաև պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:
Քաղաքագետի կարծիքով` եթե անցած տարի երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումներն, ընդհանուր առմամբ, հանպատրաստի բնույթ էին կրում, տեղի էին ունենում «ոտքի վրա», առանց որևէ լուրջ պայմանավորվածությունների, ապա այժմ կողմերը կոնկրետ հարցեր են քննարկում։
«Սրանք բաղադրիչներ են, որոնք կարող են նպաստել հակամարտության կարգավորմանը։ Սակայն վճռական քայլեր ակնկալելը դեռ վաղ է։ Քննարկումները միշտ պետք է ողջունել, սակայն այս փուլում այդ քննարկումները կլինեն պակաս վիճահարույց հարցերի շուրջ։ Սրանք հարցեր են, որոնցով կարելի է փոխզիջման հասնել։ Խոսքը երկու ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի, հանրային մակարդակում որոշակի կապերի ձևավորման և այլնի մասին է», – նշեց Գալստյանը։
Քաղաքագետի կարծիքով` այս փուլում բանտարկյալների փոխանակման հարցը հազիվ թե շոշափվի։ Սա ավելի լուրջ խնդիր է, որը դեմ է առնում Բաքվի դիրքորոշմանը։
Այժմ Ադրբեջանում է ՀՀ Տավուշի մարզի բնակիչ Կարեն Ղազարյանը, որը 20 տարվա ազատազրկման է դատապարտված։ Բաքվում նրան մեղադրում են դիվերսիա իրականացնելու փորձի մեջ։ Սակայն ՀՀ ՊՆ–ն բազմիցս հայտարարել է, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը հոգեկան խնդիրներ ունի։
Իսկ Հայաստանում է գտնվում Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը, որը ապօրինի հատել է պետական սահմանը մարտի 15-ի գիշերը։
Գալստյանի կարծիքով, այն թեթևությունը, որով Բաքուն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները, դեռ թույլ չի տալիս հուսալ, որ կալանավորների հետ կապված փոխանակման գործընթացում արագ հնարավոր է առաջընթաց արձանագրել։
«Ավելին, ո՛չ պետության ղեկավարների մակարդակով բանակցությունները, ո՛չ նախարարների հանդիպումները երբեք Ադրբեջանի համար զսպող գործոն չեն եղել։ Անցյալի փորձը ցույց է տալիս, որ Բաքուն միշտ կարող է հակամարտության գոտում սրացման գնալ», – ասաց մեր զրուցակիցը։
Այժմ շփման գծում անդորր է, քանի որ ադրբեջանական կողմը դեռ փորձում է հարմարվել Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, հասկանալ, թե ինչ կա Հայաստանի նոր ղեկավարության մտքին։ Փորձագետի կարծիքով` Ադրբեջանի իշխանությունների համար որոշակի դիսկոմֆորտ է ստեղծում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդգծված խաղաղասեր հռետորաբանությունը։
Հայաստանի իշխանությունը, անկախ խաղաղասեր հռետորաբանությունից, շատ լավ հասկանում է, որ իրավիճակը կարող է պայթել ցանկացած պահի։ Հենց այդ պատճառով էլ այժմ ակտիվորեն զբաղվում են պաշտպանության ամրացմամբ, նոր սպառազինություն ձեռք բերելով, բանակի մարտունակության բարձրացմամբ և այլն։ Ինչ վերաբերում է դիվանագիտական ասպարեզում առկա իրավիճակին, ապա, քաղաքագետի կարծիքով, Երևանն այսուհետ ևս շարունակելու է պնդել, որ Արցախն անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացին։