Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. ԱԺ–ում փոխադարձ վիրավորանքներ հնչեցին

«Իմ քայլի» պատգամավորի ելույթը ստիպեց, որ Նաիրա Զոհրաբյանը ենթադրություն անի, Էդմոն Մարուքյանն էլ մի հատված հիշեցնի Նիկոլ Փաշինյանի պատգամավորական գործունեությունից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն այսօր ԱԺ–ում իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց պոպուլիզմի մեջ:

«Ժողովրդի անունից հանդես գալն ավանդույթ է դարձել։ Մենք լսում ենք ելույթներ Նաիրա Զոհրաբյանից` զոմբիների մասին, ԲՀԿ-ի մասին, որ դեմ է եղել նախկինին: Լո՞ւրջ եք ասում: Այն մասին, թե ով է ավելի մոտ ժողովրդին: Նորից եմ ասում` լո՞ւրջ եք ասում»,- ասաց պատգամավորը:

Նրա այս արտահայտությունը բուռն արձագանքեց ընդդիմությունը, բայց տեղից հնչած բղավոցներից բացի, ընդդիմությունը պատասխանեց նաև ամբիոնից հնչեցրած պատասխաններով:

Նախ` նիստը վարող ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ պատգամավորն իրավունք ունի խոսել ժողովրդի անունից, քանի որ նա է ժողովրդի ձայնը բերում խորհրդարան:

ԲՀԿ-ն առաջարկում է անփորձ զինվորներին առաջնագիծ չուղարկել

Նրա գործընկեր Նաիրա Զոհրաբյանն էլ ամբիոնից դիմեց հենց Համազասպ Դանիելյանին:

«Համազասպ, մի քիչ զուսպ եղեք: Այն, ինչ արել է ԲՀԿ-ն, երևի թե ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս հիշել ու հասկանալ: Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, եթե չլինեին այստեղ ներկա մեկ-երկուսը, ես ուզում եմ հարցնել`որտեղ կլիներ ձեր մեծամասնությունը: Հաստատ` ոչ այս դահլիճում»,- ասաց Զոհրաբյանը` իր իշխանական գործընկերներին խորհուրդ տալով պարտական լինել Փաշինյանին ու մյուսներին այն բանի համար, որ նստած են ԱԺ դահլիճում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ «Իմ քայլը» դաշինքի այսօրվա պատգամավորներին հիշեցրեց իրենց քաղաքական առաջնորդի պատգամավորական գործունեությունից մի հատված:

«Ես ու Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ պատգամավորի` ՔԿՀ մուտք գործելու մասին նախագիծ ենք բերել, որը մերժվել էր այն ժամանակվա իշխանության կողմից: Հիմա նույն այդ նախագիծը բերել ենք, ասում եք` պոպուլիզմ է,- ասաց Մարուքյանը,- մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք, տեսեք` ով ինչ է ժամանակին ասել, նոր մի բան ասեք: Մի քիչ կարդացեք, սովորեք»,- ասաց Մարուքյանը` արժանանալով գործընկերների ծափերին:

Համազասպ, մի քիչ զուսպ եղեք. ԱԺ–ում փոխադարձ վիրավորանքներ հնչեցին

Մարուքյանը քաղաքական մեծամասնությանը հիշեցրեց նաև, որ 88 մանդատ ունեն ու որ Հայաստանում չկա մի ուժ, որը կկարողանա խոչընդոտել իշխանության աշխատանքը:

«Երբ եք վերջապես դուրս գալու հեղափոխություն-հակահեղափոխություն վիճակից»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց` հեղափոխությունը եղել, ավարտվել է, գործ անելու ժամանակն է։