Գյումրեցի պատգամավորը պատմեց, թե ինչ են քաղաքից վերցրել նախկին ու ներկա քաղաքապետները

Գյումրեցի պատգամավորն ԱԺ ամբիոնից խոսեց Գյումրու պատմական կենտրոնում կատարված ապօրինությունների մասին ու առաջարկեց դրանք ուսումնասիրելու համար խորհրդարանական հանձնաժողով ստեղծել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Գյումրու «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցը վտանգված է: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Գյումրիում «Կումայրի» արգելոցի շենքերը քանդելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել

Նա հայտնեց, որ քաղաքային իշխանությունը տարիներ շարունակ գերակա շահ է հայտարարել արգելոցի պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող մի շարք շենքերի նկատմամբ, ու դրանք անժամկետ հանձնվել են ինչ-որ անձանց:

Պատգամավորը հայտնեց, որ Գյումրու քաղաքային զբոսայգին վարձակալությամբ է տրվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Սև բերդ ամրոցը գտնվում է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո: Իսկ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի գոյությունը վտանգված է, քանի որ մուտքը մասնավորեցվել է ինչ-որ մասնավոր ընկերության:

«Կումայրի արգելոցի տարածքում այսօր շինարարություն է ընթանում, վեր է խոյանում մի հյուրանոցային համալիր, որն իր տեսքով ոչ մի աղերս չունի Գյումրու պատմաճարտարապետական միջավայրի հետ, և այս ամենը անտեսվում է»,- հայտարարեց պատգամավորը` կոչ անելով քաղաքապետին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին ու մշակույթի նախարարին ուշադրություն դարձնել իր բարձրաձայնած փաստերին:

«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ

Բաղդասարյանն առաջարկեց նաև ԱԺ-ում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով Գյումրիում կատարված սեփականաշնորհման գործընթացի որոշ փաստեր ուսումնասիրելու համար:

2017-ին մշակվեց և կյանքի կոչվեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագիրը, սկսվեցին որոշ շենքերի վերանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում նախատեսված էին քաղաքի պատմական կենտրոնում ստեղծել արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, կյանքի կոչել տարբեր բիզնես ծրագրեր, զբոսաշրջիկների համար ստեղծել հրապուրիչ պայմաններ, հետիոտնի համար՝ ակտիվ միջավայր: