Գիժ ելույթներ, տարօրինակ ձայներ դահլիճից. ինչ է սպասվում Արտո Թունջբոյաջյանի համերգին

Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանն ու Հայաստանի կամերային նվագախումբը հանդես կգան համերգով, որը ծրագիր չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ապրիլի 19–ին Արամ Խաչատրյան համերգասրահում գիժ համերգ է սպասվում։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը։

Համերգը կկրի Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը: Կհնչեն «Գրեմմիի» մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի ստեղծագործությունները` Հայաստանի կամերային նվագախմբի նվագակցությամբ. նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Վահան Մարտիրոսյանն էլ կղեկավարի համերգը։

«Ես իմ հեղափոխությունը վաղուց եմ արել». Արտո Թունջբոյաջյան

«Այս համերգով մտնում ենք ձայնային հաճախականությունների դար: Համերգին նոր երգեր են հնչելու, կլինեն նաև իմպրովիզներ։ Դահլիճից լիքը տարօրինակ ձայներ են դուրս գալու։ Համերգի ծրագիրը մեզ համար էլ է անակնկալ լինելու»,–ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով` ծրագիրը տեղում է որոշվելու։ Ինչ վերաբերում է ներկայացվելիք գործերի ոճին, ապա այն դեռ դժվար է որոշել։ Ավելին` Հայրապետյանը նշեց, որ համերգում հնչած ստեղծագործությունների միջոցով գուցե նոր ոճ ստեղծվի։

Վահան Մարտիրոսյանի խոսքով էլ` մինչև համերգի վերջին վայրկյանը գաղտնի է մնալու, թե ինչ գործեր են հնչելու, քանի որ հանկարծակի են որոշելու` ինչ կատարել։ Ըստ նրա` բոլոր հանճարեղ հայտնագործություններն էլ հանկարծակի են լինում և ով գիտի` համերգը կարող է նոր երաժշտական ուղղության հիմք հանդիսանալ։ «Մենք նոր մի բան ենք փորձելու, քանի որ նորությունը միշտ հետաքրքիր է: Ինչ վերաբերում է էքսպերիմենտներին, ապա հիմա շատ են դիմում նրանց «օգնությանը» ու դու էլ պետք է կարողանաս «նոր լեզվով» խոսել։ Մարդկանց տարիներ ի վեր սովորեցրել են ինչպես անել, իսկ դա սխալ է՝ պետք է սովորեցնեն ինչպես փնտրել: Արվեստի էությունը հենց դա է՝ փնտրտուքը»,–ասաց Մարտիրոսյանը։

Նա հավելեց նաև, որ սա` նման ձևաչափով համերգի առաջին փորձն է, որը հաջողելու դեպքում` շարունակելու են համերգներ տալ նաև արտասահմանում:

Գիժ ելույթներ, տարօրինակ ձայներ դահլիճից. ինչ է սպասվում Արտո Թունջբոյաջյանի համերգին

Արտո Թունջբոյաջյանն էլ իր հերթին նշեց, որ համերգը կարող է երիտասարդ ստեղծագործողների համար օրինակ դառնալ, որը կփաստի այն մասին, որ երաժշտության մեջ սահմաններ չկան։ Ըստ նրա` Հայաստանում յուրաքանչյուր մասնագիտության գծով տաղանդավոր մարդիկ կան, սակայն ինքնադրսևորվելու տեղ չկա, ինչի համար էլ հեռանում են երկրից: «Թուրքիայում ինչքան էլ մեզ չէին սիրում, բայց ասում էին՝ հայերը ստեղծագործող մարդիկ են: Այո, մենք ստեղծագործ ենք, սակայն հարթակ չկա ու չկան մարդիկ, որ կարող են քեզ ոգևորել։ Հայաստանում լավ երիտասարդներ կան, բայց մենք իրենց ստիպում ենք մեզ պես մտածել՝ հետ ենք գնում անընդհատ, ապագայի մասին չենք մտածում: Այս մասին ենք նվագելու»,–ասաց նա:

Նրա խոսքով` Հայաստանում իրեն գրավում է այն, որ արդեն կամաց–կամաց մենք մենք ենք դառնում։ Ըստ Թունջբոյաջյանի` ամեն ինչ մեկ անձի միջոցով է սկսվում, բայց ոչինչ մեկ անձով չի ավարտվում: