ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Հայտնի ռուսաստանցի հաղորդավար Վադիմ Տակմենևն աշխատանքի բերումով էր այցելել Հայաստան, բայց բաց չի թողել Արարատ լեռը ամենահարմար կետից` Խոր վիրապի վանքից դիտելու հնարավորությունը։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն ուղեկցել է Տակմենևին ուղևորության ընթացքում։
«Գեղեցկությո՜ւն, սուպե՜ր», – հենց այդպես է նա արձագանքել իր առջև բացված տեսարանին։
Նրան հատկապես հետաքրքրել է փոսը, որի մեջ 13 տարի է անցկացրել Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը։
Հաղորդավարն առանց երկմտելու իջել է փոսը, թեև դա այնքան էլ հեշտ բան չէ` հաշվի առնելով անհարմար և դարերի ընթացքում մաշված աստիճանները։
Գրիգոր Լուսավորչի պատմությունն ակնհայտորեն ոգեշնչել էր Տակմենևին. նա հարցուփորձ էր անում մանրամասների մասին, փորձում հասկանալ, թե ինչպես է մարդը կարողացել այդքան տարի ապրել նման պայմաններում։
«Հետաքրքիր է` այս պատմության որ մասն է ճիշտ, որ մասը` լեգենդ», – ասաց նա` ուշադիր զննելով տարածքը։
Եկեղեցու մոտ Տակմենևին մոտեցավ ընտանեկան զույգ և խնդրեց լուսանկարվել։ Նա պատմեց, որ առաջին սելֆին նրա հետ արել են Երևանի օդանավակայանում. ճիշտ է՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները։ Նա համաձայնեց, թեև խոստովանեց, որ ավելի շատ սիրում է լուսանկարել։
Դրանով էլ հաղորդավարը զբաղված էր` Խոր վիրապի դիտահարթակից լուսանկարելով Արարատը։
«Շատ գեղեցիկ է, ցնցող է», – ասաց նա և իսկույն կադրը հրապարակեց Instagram–ում:
Ինչպես պարզվեց, նա վաղուց է ծանոթ Հայաստանին։ Դեռ Դոնի Ռոստովում աշխատելու ժամանակ նա հայ ծանոթներ է ունեցել, որոնք միշտ խորհուրդ են տվել նրան տեսնել մեր երկիրը։
Տամկենևը պատմում է, որ Մոսկվայում հաճախ է գնում իր տան մոտ գտնվող հայկական ռեստորան, որտեղ համտեսում է ավանդական ճաշատեսակներ։
«Ե՛վ տոլմա, և՛ խորոված, և սմբուկ. ամենը ինչը շատ համեղ է։ Շատ եմ սիրում»,– ասում է նա։
Հաղորդավարին Հայաստանում ամենից շատ զարմացրել է հայերի հյուրընկալությունը և առատաձեռնությունը։
Տակմենևը կցանկանար վերադառնալ Հայաստան, բայց ավելի երկարատև այցով, որպեսզի հասցնի լինել բոլոր այն վայրերում, որ խորհուրդ են տվել ընկերները։