«Էդ նախարարն ո՞վ դառավ, որ պատգամավորը պիտի նրանից թույլտվություն հարցնի». ԲՀԿ պատգամավոր

ԲՀԿ-ական պատգամավորը դժգոհ է, որ խորհրդարանականների օրինական գործունեությունը խոչընդոտողները չեն պատժվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովում շարունակում է նախկին բարի ավանդույթները` հետ չմնալ կառավարությունից: Այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը` խոսելով իր ներկայացրած օրինագծի մասին, որը մերժել է կառավարությունը։

Եթե ուզում եք` չխոսենք, գրեք` պատգամավորն ընդհանրապես պիտի չխոսի. բուռն քննարկում ԱԺ–ում

ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է պատգամավորի օրինական գործունեությունը խոչընդոտելու համար տուգանք սահմանել, որը ստանալու համար կարող է դիմել վարչական դատարան ու ստանալ տուգանքը:

«Նման օրենք կա նոտարի գործունեությունը խոչընդոտելու, ՄԻՊ գործունեությունը խոչընդոտելու, արհեստակցական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտելու համար: Հիմա ի՞նչն է խանգարում, որ պատգամավորների գործունեությունը խոչընդոտելու համար վարչական օրենսգրքում սահմանվի համապատասխան տուգանք»,- ասաց Պետրոսյանը:

Որպես օրինակ նա նշեց, որ պատգամավորին հաճախ թույլ չեն տալիս կալանավորված կամ դատապարտված անձանց տեսակցել:

«Գնում ես տեսակցության, ասում են` նախարարից թույլտվություն բեր, նոր: Կներեք, էդ նախարարն ո՞վ դառավ, որ պատգամավորը պիտի նրանից թույլտվություն հարցնի»,- ասաց Պետրոսյանը:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ հանձնաժողովում նախագծի քննարկման արդյունքում հանձնաժողովը որոշել է, որ Վարչական օրենսգրքում նման կարգավորումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է Պետրոսյանի` կառավարության որոշումները վավերացնելու մեղադրանքին, Վարդանյանն ասաց. «Դուք լավ գիտեք, որ դա այդպես չէ»:

Այդուհանդերձ, ԲՀԿ պատգամավորի ներկայացրած նախագիծը ԱԺ–ի այսօրվա նիստի օրակարգում չընդգրկվեց:

Խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժեց հարցն օրակարգ ներառելու առաջարկը: