Բաքվում պատրաստ են ընդունել հայ լրագրողներին

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է կատարել Մնացականյանի ու Մամեդյարովի պայմանավորվածությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ–ն մեկնաբանել է հայ լրագրողներին իր տարածքում ընդունելու պատրաստակամության վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը։

«Բաքվում միշտ տրամադրված են եղել ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն Ադրբեջանի ու Հայաստանի հասարակությունների միջև հարաբերական փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը», – պարբերականին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։

Նրա խոսքով` այդպիսի հանդիպումները հազվադեպ են լինում, որովհետև ադրբեջանցիները զերծ են մնում դրանցից` «անվտանգության նկատառումներից» ելնելով, բայց իրավիճակը կարող է փոխվել «եթե հայկական կողմն անվտանգության պատշաճ երաշխիքներ տա»։

Ինչ վերաբերում է հակամարտող կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերին, ապա այդ հարցը երկու կողմի համար էր արդիական է։ Օրինակ` Ադրբեջանում բանտարկված է ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանը։ Բաքվի վարկածով` նա դիվերսանտ է, որը նախորդ տարվա հուլիսին փորձել է երկրի տարածք ներխուժել։ Սակայն Երևանում պնդում են, որ Ղազարյանը բանակում չի ծառայել, այլ սահմանամերձ գյուղի հոգեկան խանգարումներ ունի։

Մնացականյան–Մամեդյարով–Լավրով հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել

«Հայաստանի հսկողության տակ գտնվող տարածքներում էլ ադրբեջանցի բանտարկյալներ կան։ Մասնավորապես` Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, որոնց 2014 թվականին կալանավորել էին», – գրում է «Կոմերսանտը»։

Պարբերականը խոսել է նաև ՀՀ ԱԳՆ–ի աղբյուրի հետ, որը հասկացրել է, թե պատրաստ են թույլ տալ ադրբեջանցի բանտարկյալների հարազատներին Հայաստան ու Արցախ այցելել։ Պատասխանելով պարբերականի հարցին` արդյո՞ք Բաքուն չի խոչընդոտի, որ իր քաղաքացիները Հայաստան ու ԼՂՀ գնան, Լեյլա Աբդուլաևան նշել է, որ «Ադրբեջանի իշխանությունը երբեք խիստ սահմանափակում չի դրել քաղաքացիների` Հայաստան, հատկապես օկուպացված ադրբեջանական տարածք այցելելու վրա, բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե հայկական կողմը անվտանգության պատշաճ երաշխիքներ տրամադրի»։

Հիշեցնենք` երեկ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Մոսկվայում և համատեղ հայտարարություն ընդունել։ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: