Ազգային ժողովը մերժեց ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուին

Պատգամավորներին կասկածելի և ոչ այնքան հավաստի են թվացել նախագահի առաջադրած թեկնածուի ներկայացրած փաստաթղթերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ Սահմանադրական դատարանի նոր անդամ չընտրվեց: Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ մերժեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում:

Նրա օգտին կողմ էր քվեարկել 24 պատգամավոր, դեմ՝ 75-ը:

Հնարավո՞ր է ՍԴ դատավոր դառնալ ՀՀ նախագահին Բեռլինից մի էլեկտրոնային նամակ գրելով

Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն ԱԺ-ին էր առաջարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այսօր ԱԺ-ում Գոռ Հովհաննիսյանի հետ շուրջ 3 ժամ տևած հարցուպատասխանի ընթացքում պատգամավորներից շատերը նկատեցին, որ նրա աշխատանքային գործունեությունը փաստող փաստաթղթերում անճշտություններ կան:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անգամ տարակուսանք հայտնեց, թե ինչպես դա չի նկատել նախագահ Սարգսյանը: Բանն այն է,որ ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուն պետք է առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ ունենա:

Հիշեցնենք` Գոռ Հովհաննիսյանն Արմեն Սարգսյանի առաջադրած երկրորդ թեկնածուն է: Առաջինի` Վահե Գրիգորյանի թեկնածությունը Սարգսյանն առաջադրել էր 2018թ.-ի հոկտեմբերին, նախորդ գումարման ԱԺ-ին: Վահե Գրիգորյանին խորհրդարանը ևս մերժել էր: