Ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց գնում ենք ճիշտ ճանապարհով. Փաշինյանը ոստիկանությունում է

Նիկոլ Փաշինյանի կարծիքով` վերջին ամիսների կարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ ոստիկան–քաղաքացի հարաբերություններից դուրս է մնացել ատելությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանի մասնագիտական տոնի կապակցությամբ այցելել է ոստիկանություն։ Փաշինյանը, շնորհավորելով օրվա կապակցությամբ, նշեց, որ մեկ տարի առաջ ոստիկանության հետ փշալարերի տարբեր կողմերում էին։

Կամրջից կախված աղջիկը փրկվեց, վիճողներն ընկերացան կին ոստիկանի հետ. ոստիկանների տոնն է

«Այդ ողջ գործընթացում, որտեղ կային մի շարք հակասություններ, չկար և ոչ մի կաթիլ ատելություն։ Հենց այս առումով եմ նշանավոր համարում այդ օրը և կարծում եմ` դա սկիզբն է նոր բովանդակության` ՀՀ ոստիկանության և քաղաքացիների հարաբերություններում։ ՀՀ ոստիկանության գործողություններն ատելություն չպետք է առաջացնեն»,–ասաց նա։

Ըստ նրա` վերջին ամիսների կարևոր ձեռքբերումներից մեկն էլ հենց այն էր, որ ոստիկան–քաղաքացի հարաբերություններից դուրս է մնացել ատելությունը։ Փաշինյանը հույս հայտնեց, որ նոր Հայաստանում ոստիկանությունը նոր անելիքի մեջ կդրսևորվի, և այդ անելիքը չի լինի քաղաքական որևէ թիմի, անձի ծառայելը։

«Այսօր ամեն ինչ չէ, որ կատարյալ է, բայց մենք գնում ենք ճիշտ ճանապարհով։ Ոստիկանության ձգտումը պետք է լինի հասնել կատարելության։ Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի ավելիին»,–ասաց վարչապետը։

ՀՀ վարչապետի որոշումով` ՀՀ ոստիկանության մի շարք ծառայակիցներ արժանացան կառավարական պարգևների։