«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային». Ծառուկյանը խոսեց «Առինջ մոլի» մասին

ԲՀԿ առաջնորդի խոսքով` ՊԵԿ–ն իր գործողություններով վնասել է ոչ թե «Առինջ մոլին», այլ երկրին, ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Ծառուկյանին ոչ մի բան չեն կարող անել: Ինչ անում են, ի վնաս երկրի տնտեսության են անում: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով նախորդ շաբաթ իր ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում ՊԵԿ իրականացրած գործողությունների մասին հարցին:

Ո՞վ է օգտվում ցեմենտի էժան հումքից. Ծառուկյանը բացեց ցեմենտի գործարանի աղմուկի գաղտնիքը

«Ես կողքից, իրոք, տեսա, որ մարդկի վախից հաջորդ օրը չեն եկել խանութ, ու 1500 վաճառող ամբողջ օրվա ընթացքում վաճառել են 1 հատ խաղալիք»,- ասաց նա` հավելելով, որ այդ առևտրի կենտրոնում վաճառողներին բոլոր հարցերում միշտ ընդառաջել են, որ մանր բիզնեսը կայանա:

«40 հոգով չէ, ուզում են 1500 հոգով գային: Քամին քարից ինչ պիտի տանի: Դա վնաս է երկրին, ժողովրդին»,- ասաց նա` անդրադառնալով ՊԵԿ 40 աշխատակիցների` «Առինջ մոլ»-ում կատարած ուսումնասիրություններին: Իսկ ՊԵԿ-ի փնտրած ու գտածի մասին Ծառուկյանը չցանկացավ խոսել` խոստանալով այդ մասին մանրամասն պատմել, երբ ժամանակը գա:

Հիշեցնենք` ապրիլի 9–ին, առավոտյան 10։30-ից ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում:

ՊԵԿ-ի տեղեկություններով` «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից ստացած իրական եկամուտները թաքցրել է և դրանց դիմաց քիչ հարկ վճարել։

Առևտրի կենտրոնի տնօրեն Մանվել Հակոբյանն այս մեղադրանքը չի ընդունում։ Նա ՊԵԿ–ի գործողություները որակում է որպես շոու։