ՌԱԴԻՈ

Սայադյան. ««Հետքը» պատրաստվում է դատի տալ ՊԵԿ-ին»

«Հետք» էլեկտրոնային պարբերականը պատրաստվում է դատի տալ Պետեկամուտների կոմիտեին։ «Հետքի» լրագրողներ Դիանա Ղազարյանն ու Մարինե Մադաթյանը հետաքննական հոդվածով պարզել են, որ տնտեսվարողներին վերջին շրջանում մատակարարված Հսկիչ դրամարկղային մեքենաները վաճառվել են ինքնարժեքից մոտ 70% թանկ գնով։
Sputnik
Սայադյան. ««Հետքը» պատրաստվում է դատի տալ ՊԵԿ-ին»

 Դրանից հետո «Հետքը» ՊԵԿ-ից պահանջել է տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը։ Լրագրողների պահանջը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ՝ ՀԴՄ-ների գնման պայմանագրերի հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար։ «Հետք» էլեկտրոնային պարբերականի փոխխմբագիր Լիանա Սայադյանը Sputnik Արմենիային մանրամասներ է ներկայացրել ՊԵԿ-ի և «Հետքի» միջև առկա թեմայի վերաբերյալ։

«Մեր լրագրողներն արդեն մի քանի ամիս աշխատում են այդ թեմայի վրա, նախապես գրություն էին ուղարկել ՊԵԿ` խնդրելով տրամադրել ՀԴՄ–ների գնման պայմանագրերի օրինակները, սակայն ՊԵԿ–ը մերժել էր»,-պատմում է «Հետքի» փոխխմբագիրը։

Սայադյանի խոսքով` Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով իրենք ՊԵԿ-ի մերժումը բողոքարկել են վերադասության կարգով, այսինքն` վարչապետին, սակայն վարչապետի աշխատակազմից փաստաթուղթը կրկին վերահասցեագրվել էր ՊԵԿ-ին, որտեղից դարձյալ մերժում են ստացել։

«Հաջորդ մերժման հիմնավորումն այն էր, որ ՀԴՄ-ի պայմանագրերը դասակարգված են որպես գաղտնի փաստաթղթեր, հետևաբար` տրամադրման ենթակա չեն։ ՊԵԿ-ի կողմից սա «Հետքի» հարցման միակ մերժումը չէ, մենք պատրաստվում ենք դատի տալ կոմիտեին»,-ասում է «Հետքի» գլխավոր խմբագրի տեղակալը։

Լիանա Սայադյանի խոսքով` Հայաստանում ընդհանրապես նախկինում էլ գաղտնիքի պատրվակով հանրային կարևոր նշանակության տեղեկությունների մերժումը տարածված պրակտիկա է եղել, և այդ պատճառով էլ «Հետք» ցանկանում է, որ դատարանում քննարկվի «գաղտնիք» հասկացության հետ կապված հարցը։