Որևէ մեկի կարծիք արտահայտելու իրավունքը չպետք է սահմանափակվի. ինչ ակնարկեց Փաշինյանը

Եթե որևէ այլ երկրի տարածքում ես հեռարձակվում, ապա կան որոշակի կոռեկտության սահմաններ, որ պետք է պահպանվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլ — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ որևէ մեկի կարծիք արտահայտելու իրավունքը չպետք է սահմանափակվի։ Այս մասին այսօր նա ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումների մասին հարցին։

Հակոբյան. «Ռուսաստանյան TV-ների հեռարձակման սահմանափակումը նաև քաղաքական հարց է»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը բարձրացրել էր մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման հարցը` ասելով, որ «Միր», «ОРТ» և «Росcия 1»–ի որոշ ծրագրերում քաղաքական կոչեր են հնչում։

«Հիմա կան կարծիքներ, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանում լինեն այնքան ազատ, որքան հայաստանյան լրատվամիջոցներն են։ Եթե որևէ այլ երկրի տարածքում ես հեռարձակվում, ապա կան որոշակի կոռեկտության սահմաններ, որ պետք է պահպանվեն»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց նաև, որ ռուսական հեռուստաընկերությունները պետք է այդ խնդիրը հաշվի առնեն և հետևություններ անեն, չնայած որևէ մեկի կարծիք արտահայտելու իրավունքը չպետք է սահմանափակվի։

Հիշեցնենք, որ Թուխիկյանին ի պատասխան Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն իր հերթին նշել էր, որ դա քաղաքական հարց է։