Մնացականյան–Մամեդյարով–Լավրով հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ արտգործնախարարությունը հրապարակել է եռակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության տեքստը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան

Ապրիլի 15-ին Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Հանդիպմանը շարունակվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հեռանկարների դիտարկումը՝ հաշվի առնելով ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև կայացած հանդիպման արդյունքները:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում հակամարտության գոտում լարվածության հետագա նվազեցմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև հումանիտար ոլորտում հնարավոր փոխգործակցության շուրջ:

Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն:

«Ի զարգացումն ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի  փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ»,– նշված է հայտարարության մեջ:

Ինչպես են Մնացականյանը, Մամեդյարովն ու Լավրովը գնում հանդիպման. տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Նրանք նաև պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել շփումները մոտ ապագայում: