Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել.միլիոնների չարաշահումներ են բացահայտել

ՀՔԾ–ն հաշվարկել է ԴԱՀԿ նախկին ղեկավար, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի` պետությունից հափշտակած գումարները: Հաշվարկը դեռ ավարտված չէ, բայց մեղադրյալն արդեն փախել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի— Sputnik. ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես հայտնում է ՀՔԾ պաշտոնական կայքը, Միհրան Պոսոսյանը մեղադրվում է, պաշտոնեական դիրքն օգտագործելով և պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։

Միհրան Պողոսյանն առաջարկում է իրեն հարցաքննել տեսակապով. ի՞նչ է պատասխանել ՀՔԾ–ն

Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատու:

Նրանք աշխատանքի չեն հաճախել, փոխարենը կատարել են Միհրան Պողոսյանի անձնական հանձնարարությունները, բայց ստացել են ընդհանուր առմամբ 44 199 463 դրամի աշխատավարձ ու պարգևավճարներ։

Բացի այդ Միհրան Պողոսյանը գործող օրենսդրության խախտմամբ ապրանքների ձեռքբերման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել իր կողմից կառավարվող մասնավոր կազմակերպությունների հետ:

Այսպես, 2011-2016թթ.-ի ընթացքում «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211 158 000 ՀՀ դրամ արժողությամբ «BYD» մակնիշի 32 ավտոմեքենա, որոնցից 20–ը՝ իրական արժեքից 20 մլն դրամով ավելի բարձր գնով։

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավորը կալանավորվել է. ՀՔԾ–ն մանրամասներ է հայտնում

2011թ.-ին Միհրան Պողոսյանն օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «Հոփքինթեն թրեյդինքգ ինքորփորեյթիդ» և «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» ընկերությունները։ 2011թ–ի հոկտեմբերին այդ ընկերությունների օտարերկրացի տնօրենների փոխարեն այդ պաշտոններում նշանակվել են Միհրան Պողոսյանի մտերիմ անձինք։ Ապա` օֆշորային գոտում գրանված այս ընկերությունները Հայաստանում հիմնել են այլ ընկերություններ, այդ թվում՝ «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

2014թ. ապրիլի 17-ին «Բեսթ ռեալթիի» հետ կնքվել է անշարժ և շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա 2014-2016թթ.–ին ԴԱՀԿ–ի դրամական միջոցներից այս կազմակերպությանը վճարվել է 43 890 000 դրամ գումար:

Քրեական գործի նախաքննությունը և դրա շրջանակներում ֆինանսատնտեսական ստուգումներն ու փորձաքննությունները շարունակվում են։ Ասել է թե` հաշվարկը դեռ ավարտված չէ, բայց մեղադրյալն արդեն հասցրել է փախչել։

Բացահայտված փաստերի հիման վրա հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ.-ի ապրիլի 13–ին որոշում է կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։