«Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց ու նրանց գույքն ընկերության տարածքից»,-նշված է հաղորդագրության մեջ։ Բավարարելով «Լիդիանի» հայցը` դատարանն արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում և չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ առանց սեփականատիրոջ համաձայնության։ «Լիդիանի» ղեկավարությունը հույս է հայտնել, որ ոստիկանությունը շուտափույթ կկատարի դատարանի որոշումը։
Մինչդեռ Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պնդում է, որ «Լիդիանը» աղավաղված է ներկայացրել դատարանի որոշումը։
«Լիդիան» ընկերության հայտարարությունը պարզագույն ապակողմնորոշող հայտարարություն է»,-պնդում է Հայկական բնապահպանական ճակատի անդամը։
Լևոն Գալստյանի խոսքով, դատարանի որոշումը վերաբերում է այն տարածքին, որտեղ «Ամուլսարի պահապանների» խումբը տեղադրել է իրենց տնակները` ձմռանը բողոքի ակցիան շարունակելու նպատակով։ 2018 թ. սեպտեմբերի 20-ին «Լիդիանը» հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը և հեռացնել ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են ընկերության մուտքը դեպի Ամուլսար: