Որտե՞ղ է 50 հազարը. «Ժառանգությունը» բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Կուսակցությունը պահանջում է, որ վարչապետը տեղեկանք ներկայացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Ժառանգություն» կուսակցությունը խնդրում և պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր բացված 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք ներկայացնի։ Այս մասին նշված է Փաշինյանին ուղղված բաց նամակում։

Ապրիլի 11-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում՝ Փաշինյանը հայտարարել է, որ իր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է 50 հազար աշխատատեղ։

««Ժառանգություն» կուսակցությունը, որպես ՀՀ քաղաքացու տեղեկացվածության և իրազեկման սահմանադրական իրավունքի հետևողական պաշտպան, խնդրում և պահանջում է, որ Դուք ներկայացնեք նոր բացված այս 50 հազար աշխատատեղերին վերաբերող տեղեկանք, որն ըստ ամենայնի Ձեզ համար արդեն պետք է կազմած լինեին կառավարության պատկան ատյանները:»,– գրված է «Ժառանգության» նամակում:

Կուսակցությունը ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակված նյութերում չի գտել Փաշինյանի նշած նորահայտ աշխատատեղերի հավաստումը, ավելին՝ նկատել է, որ փետրվար ամսվա պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում աշխատունակ բնակչության 20,8 %-ը՝ 228,8 հազար մարդ գործազուրկ է, որը նախորդ ամիսներին արձանագրված ցուցանիշերից գրեթե չի տարբերվում, արդյունաբերությանը և տնտեսության այլ ոլորտներին վերաբերող վերլուծականներն էլ փաստում են, որ շատ ճյուղերում, մասնավորապես՝ մետաղագործության և հանքարդյունաբերության մեջ, ունենք ցուցանիշերի ակնհայտ անկում, որը բնականաբար ուղեկցվել է աշխատատեղերի փակմամբ:

Փաշինյանը Facebook–ում կպատասխանի հայրենակիցների հարցերին

«Լիահույս ենք, որ ի հաստատումն Ձեր ղեկավարած կառավարության աշխատանքի թափանցիկության հռչակված սկզբունքի, կհրապարակեք տեղեկանք, որից ՀՀ քաղաքացիների համար պարզ կդառնա, թե քանի աշխատատեղ է իրականում բացվել, տնտեսության որ ոլորտներում է գրանցվել նման առաջընթաց: Ինչպես նաև ակնկալում ենք համապատասխան տեղեկատվություն, թե որքան աշխատատեղ է փակվել ձեր կառավարության գործունեության ընթացքում: Հասարակությանը կողմնորոշելու հրապարակային այլ մեթոդները համոզիչ չեն, և չեն կարող ՀՀ քաղաքացիների բոլոր շերտերի համար բացահայտել, թե որքանով է արդյունավետ տնտեսական հեղափոխության նոր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում»,– գրված է նամակում:

«Ժառանգությունը» հարկ է համարել հիշեցնել, որ ՀՀ նախորդ իշխանությունները ևս տրվում էին իրականության առասպելականացման գայթակղությանը, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը, որը հայտարարում էր Հայաստանում 4 մլն բնակչության տեսլականը, տնտեսական աճի բարձր տեմպերը, բայց այդ առասպելականացումը հանգեցրեց նրանց իշխանության վարկաբեկմանը և, ի վերջո, ժողովրդական հեղափոխությանը: