ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Հայաստանն առաջին պետությունն է, որ համաձայնագիր է կնքել աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկի՝ ԱՄՆ Մեմֆիս քաղաքում գտնվող Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կայքից։
Համաձայնագրով Հայաստանը միանում է St. Jude Global Alliance-ին, որի միջոցով առավել արդյունավետ կերպով կկարողանա պայքարել մանկական քաղցկեղի դեմ:
«Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք, և մեր նպատակն է օգնել այդ երեխաներին՝ հաղթահարելու հիվանդությունը: Մենք պետք է ընդօրինակենք հիվանդանոցի լավագույն փորձը»,- ասել է Աննա Հակոբյանը՝ նշելով, որ իր ամենամեծ երազանքն է, որպեսզի Հայաստանում էլ նման կենտրոն ստեղծվի և հայ մանուկները ստիպված չլինեն քաղցկեղի բուժման համար մեկնել արտերկիր:
Սուրբ Հուդայի մանկական հետազոտական համալսարանի փոխտնօրեն Կարլոս Ռոդրիգիեզ-Գայլանդոյն էլ շեշտել է, որ Հայաստանի անդամակցությունը չափազանց կարևոր է, և մոտ ապագայում մի շարք երկրներ նույնպես կանդամակցեն նախագծին:
Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցը քաղցկեղի դեմ պայքարում աշխարհի լավագույն կենտրոնն է: Այս հիվանդանոցում, շնորհիվ բժշկական անձնակազմի և անընդհատ զարգացող բժշկական ծառայությունների, հնարավոր է լինում փրկել քաղցկեղով հիվանդ երեխաների 80 տոկոսին: Հիվանդանոցում սնունդը, կեցությունն ու տրանսպորտային ծախսերն անվճար են: Հիվանդանոցի ղեկավարությունը, բարերարներն և բուժանձնակազմը վստահ են, որ որևէ երեխա չպետք է մահանա քաղցկեղից` ֆինանսների բացակայության պատճառով: Ներկա դրությամբ հիվանդանոցն ունի 11 միլիոն դոնոր, որոնք ամսական հիվանդանոցի հաշվեհամարին են փոխանցում 25 դոլար: Հիվանդանոցի տարեկան բյուջեն կազմում է 1 միլիարդ դոլար: