ԵՐԵՎԱՆ, 15 Ապրիլ — Sputnik, Մարո Եղոյան. Արդեն 25 տարի է` Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում ճանապարհաշինության խնդիրը բարձրաձայնվում, բայց լուծում չի ստանում:
Գյուղացիների խոսքով, գյուղի ճանապարհը քարուքանդ անողը հիմնականում գյուղի մոտ գտնվող քարհանքի բեռնատար մեքենաներն են, որոնք ամեն օր անցնում են այդ ճանապարհով։
«Ծանր բեռ տեղափոխող մեքենան, որ անցնի ասֆալտի վրայով, հաստատ էդ ասֆալտը չի դիմանա: Ասֆալտն էլ «Նոյի թվի» ասֆալտ է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եղնիկ գյուղի բնակիչ Մ. Ենգիբարյանը:
Գյուղացիները նաև պնդում են, որ վերջին 25 տարվա ընթացքում ճանապարհը երբևէ չի վերանորոգվել, ճանապարհը բարեկարգելու ոչ մի աշխատանք չի կատարվել: Բնակիչներն իրենք իրենց ուժերով են փորձել հարթեցնել այն` հսկա փոսերի մեջ ժամանակ առ ժամանակ ավազ լցնելով:
«Ճանապարհների վատ վիճակի պատճառով գյուղում սարքին մեքենա չի մնացել»,– ասում են գյուղացիները: Մեքենաները չվնասելու համար վարորդների մի մասը շրջանցում է ճանապարհը` անցնելով կողքի գյուղով: «Ճիշտ է` ճանապարհը երկարում է , ծախսն էլ` կրկնապատկվում, բայց ի՞նչ արած, ուրիշ տարբերակ չկա»,– ասաց գյուղի` ավտոմեքենա ունեցող բնակիչներից մեկը:
Այնուամենայնիվ, ճանապարհների անբարեկարգ վիճակը միայն ավտոմեքենա ունեցող բնակիչների պրոբլեմը չէ: Նրանք, ովքեր օգտվում են տաքսիներից, գրեթե ամեն անգամ բախվում են նույն խնդրին: Տաքսիստները կամ հրաժարվում են անցել այդ ճանապարհով, կամ կրկնակի գումար են պահանջում գյուղացուց։
«Գյուղում մարդ է վատանում, 10 րոպեի ճանապարհը 30-40 րոպեում է գալիս շտապօգնության մեքենան , արդյո՞ք նորմալ է դա»,– ասաց տիկին Թամարան:
Բնակիչներն իրենց այս խնդրի համար շատ անգամ են դիմել մարզպետարան, սակայն գործնական քայլերի փոխարեն լսել են`«գումար լինելու դեպքում կվերանորոգենք» ոչինչ չասող պատասխանը:
Գյուղապետը ճանապարհի վերանորոգման հարցով 2 շաբաթ առաջ դիմել է Արագածոտնի մարզպետարան, բայց դեռ ոչ մի արձագանք չի ստացել։ Նրա խոսքով, այս պահին ճանապարհաշինության 1 ծրագրի առաջ մարզի 3 գյուղեր են կանգնած։ «Որ գյուղի ճանապարհն ավելի վատ վիճակում լինի, այդ գյուղն էլ կընտրեն և կսկսեն ճանապարհաշինությունը»,– ասաց Եղնիկի գյուղապետ Արծրուն Սարգսյանը։
Գյուղում այսօր անհամբեր սպասում են մարզպետարանի որոշմանը։ Բայց միևնույն ժամանակ նաև այլ մտահոգություն ունեն. եթե անգամ գյուղի ճանապարհն անթերի վերանորոգվի, կարճ ժամանակ անց այն կարող է հայտնվել նույն վիճակում։ Գյուղի ճանապարհը պահպանելու համար գյուղացիներն անհրաժեշտ են համարում քարհանքի մեքենաների համար այլընտրանքային ճանապարհի կառուցումը։