Գյումրիում «Կումայրի» արգելոցի շենքերը քանդելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել

Շիրազի փողոցում ակտիվորեն իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքում այս տները շարունակում են ինքնափլուզվել՝ վտանգ ներկայացնելով ոչ միայն անցորդների, այլ նաև մեքենաների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Կումայրի»  արգելոցի տարածքի  շենքերը  քանդելու թույլտվություն քաղաքապետարանը չի տվել։ Այսպես է Գյումրու քաղաքապետարանը պատասխանել Facebook-ի գյումրեցի օգտատերերից մեկի բարձրացրած հարցին։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսօր գրառման միջոցով դիմել էլ Գյումրու քաղաքապետարանին՝  հարցնելով արդյո՞ք  կա Գյումրու Շիրազի փողոցի տների քանդման թույլտվություն: Օգտատերը նաև հրապարակել էր այդ տների լուսանկարները:

Ի պատասխան այս գրառման Գյումրու  քաղաքապետի  մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը պարզաբանել է.«Տվյալ շինությունները սեփականատերեր ունեն, դրանց պահպանման և վերականգնման պարտավորությունը սեփականատիրոջն է:

Գյումրիում հերթական փլուզումն է գրանցվել. «Գլենդել Հիլզ»` փրկությո՞ւն, թե՞ գլխացավանք

Քաղաքապետարանը բազմիցս դիմել է սեփականատերերին`պահանջել հետևողական լինել իրենց սեփականություն հանդիսացող կառույցներին և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ շենքերի պահպանման և վերականգնման ուղղությամբ: Այդ շենքերի քանդման թույլտվություն քաղաքապետարանի կողմից չի տրվել, դրանք ընդգրկված են Կումայրի արգելոց թանգարանի պատմամշակութային հուշարձանների ցանկում, հետևաբար, դրանք ոչ միայն քանդել, այլ նաև արտաքին տեսքի փոփոխությունների ենթարկել չի թույլատրվում»:

Նշենք, որ վերոնշյալ տները  ունեն վթարայնության 4-րդ աստիճան և պարբերաբար ինքնափլուզվում են: ՀՀ ԱԻ  Շիրակի մարզի փրկարարական վարչությունը միայն  տարածքից անցնելն արգելակող ժապավեններ է ամրացնում։

Հավելենք, որ Շիրազի փողոցում ակտիվորեն իրականացվող փողոցաշինական աշխատանքների ընթացքում այս տները շարունակում են ինքնափլուզվել՝ վտանգ ներկայացնելով ոչ միայն անցորդների, այլ նաև մեքենաների համար: