ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ Արարատի մարզում գործող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից փակել են գործարան տանող ճանապարհը և սեփականատիրոջ հետ հանդիպում են պահանջում։ Գործարանի աշխատակից Հենրիկ Խեչումյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց բողոքի հիմնական պատճառը գործարանում իրականացվող համատարած կրճատումներն են։
«Բոլորիս ծանուցագրերով, փաստաթղթերով հայտնում են, որ 2 ամսից հետո դառնում ենք գործազուրկ։ Պատճառն այն է, որ չեն կարողանում աշխատել Իրանից ներկրվող ցեմենտի շուկայում»,- ասաց նա։
Գործարանի աշխատակիցներին այլ մանրամասներ չեն հայտնել։ Տեղյակ են միայն, որ գործարանի մի ահռելի հատվածը չի աշխատելու։ Ըստ Խեչումյանի` եթե նախկինում իրենք ցեմենտը ստանում էին տեղական հումքից` տրավերտինից, ապա այսուհետ ցեմենտն արտադրելու են արտերկրից ներկրված հումքից։
«Արտադրական պրոցեսը կրճատվում է, մարդիկ գործից դուրս են գալիս։ Իսկ եթե «Արարատ ցեմենտը» չաշխատի, արարատցիների մի զգալի մաս կդառնան գործազուրկ»,– ասաց Խեչումյանը։
Նրա տեղեկություններով` աշխատանքային պայմանագրի դադարեցման մասին արդեն ծանուցվել են ավելի քան 1200 աշխատակիցներ։
Գործարանի ղեկավարությունն ու սեփականատերերն առ այս պահը գործարանի աշխատակիցների հետ չեն հանդիպել։
«Արարատ ցեմենտի» աշխատակիցները ցեմենտարտադրության ոլորտում տեղի ունեցած ցնցումների պատճառ են համարում ՀՀ կառավարության` ներկրվող ցեմենտի մաքսատուրքն ավելացնելու որոշումը։
Գործադիրը, սակայն, իր այս նախաձեռնության հիմնական նպատակ էր նշում տեղական արտադրողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելը։
Բանն այն է, որ այսօր Իրանից Հայաստան ներկրված ցեմենտն ավելի էժան է` շնորհիվ այդ երկրում էներգակիրների ցածր արժեքի։ Իսկ Հայաստանում էներգակիրները բավական թանկ են, ինչն էլ բացասաբար է ազդում տեղական արտադրության ցեմենտի ինքնարժեքի վրա։
Հիշեցնենք` Հայաստանում այս ոլորտի խոշոր արտադրողներն են «Հրազդան ցեմենտն» ու «Արարատ ցեմենտը», որը պատկանում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։