Կրկին պարգևավճարներ. Լոռու մարզպետը պարգևատրել է ինքն իրեն ու 15 աշխատակցի

Հրապարակված փաստաթղթում ներկայացված են պարգևատրվողների ցանկն ու պարգևավճարների չափը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ապրիլի 12-ին պարգևատրել է ինքն իրեն և մարզպետարանի ևս 15 աշխատակցի:

ՊԵԿ–ն ամեն ամիս պարգևատրումներ է տալու. Դավիթ Անանյանը խոստացավ

«Չնայած այն հանգամանքին, որ Լոռու մարզում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, ինչպես նաև մարզի բնակչությունը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի որոշ ընտրյալների պարգևատրել է»,– այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Կից հրապարակված փաստաթղթում ներկայացված են պարգևատրվողների ցանկն ու պարգևավճարի չափը: Փաստաթղթում ներկայացված է 16 անուն: Պարգևատրվողների ցանկում է նաև մարզպետը. Անդրեյ Ղուկասյանն ինքն իրեն պարգևատրել է 496.050 դրամով: Ապրիլի 12-ի պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 4.067.676 դրամ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ մամուլում աղմուկ էր բարձրացել որոշ մարզպետարաններում և պետական գերատեսչություններում մեծ չափերի պարգևատրումների մասին. Լոռու մարզպետարանը ևս այդ ցուցակում էր: