Հայաստանում կփոխվի ավտոմեքենաների ներկրման հարկը. ո՞վ կշահի դրանից

Հայաստանում 20-տոկոսանոց ԱԱՀ-ն կփոխարինեն 1-տոկոսանոց եկամտահարկով։ Համարվում է, որ դա ևս մի զիջում է ինքնազբաղվածներին ու միկրոբիզնեսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik, Արամ Գարեգինյան․ 2020թ-ից Հայաստանում նախատեսում են ֆիզիկական անձանց համար փոխել ավտոմեքենաների ներկրման հարկումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Հայաստանի ֆինանսների նախարարության եկամուտների և մեթոդների ղեկավարման վարչության պետ Օրի Ալավերդյանը՝ մեկնաբանելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը։

Ղեկավարների կամայականությունը ցմահ է, կամ ավտոմաքսատան «կամավոր-պարտադիր» ազատվածները

Հիմա ֆիզիկական անձինք մեքենա ներկրելիս ԱԱՀ չեն վճարում։ Բայց եթե տարեկան մեկ ավտոմեքենայից ավելի են ներկրում, ապա նրանք պետք է գնին ավելացնեն 20 տոկոս ԱԱՀ։ Ուստի շատ ավտոդիլերներ, որոնք տարեկան հինգ-վեց մեքենա են ներկրում, ներկրող են ձևակերպում ոչ թե իրենց, այլ հարազատներին ու ընկերներին։

Այժմ ֆինանսների նախարարությունը որոշել է 20-տոկոսանոց ԱԱՀ-ը փոխարինել 1-տոկոսանոց եկամտահարկով։ Կա նաև սահմանափակում՝ առնվազն 150 դրամ մեկ ձիաուժի համար։

Այդ 1 տոկոսը կգանձվի ոչ թե վաճառողի հասույթից, այլ ընդհանուր գնից։ Այսինքն, եթե առևտրականը մեքենան ներկրել է երկու հազար դոլարով, վերավաճառել 2500-ով, ապա հարկ պետք է վճարել ոչ թե 500-ից, այլ 2500-ից։

Հարկը կվերաբերի ֆիզիկական անձանց, այլ ոչ թե որպես ձեռներեց գրանցվածներին։ Տեսականորեն դա թույլ կտա անհատ դիլերներին չգրանցվել (նույնիսկ որպես անհատ ձեռներեց) և աշխատել առանց հարկային հաշվետվությունների։

Նշենք, որ մեքենաների վերավաճառքը գումար վաստակելու միջոց է Հայաստանի հազարավոր բնակիչների համար։ Վերջին տարիներին ամեն տարի հանրապետություն է ներկրվում ավելի քան 30 հազար մեքենա։ Դրանց ավելի քան 90 տոկոսը ներկրում են անհատ դիլերները։ 2017թ-ին ներկրված 39,3 հազար ավտոմեքենաներից մոտ 34 հազարը հինգ հազար դոլարից էժան է, ևս 2700-ի արժեքը կազմել է 5-10 հազար դոլար։

Մեքենաների հարկի կրճատումը համարվում է ևս մի զիջում ինքնազբաղվածներին և միկրոբիզնեսով զբաղվողների համար։ Ավելի վաղ հարկերից ազատել էին մասնավոր տաքսիստներին։ Իսկ հիմա ցանկանում են հարկերից ազատել նաև տարեկան մինչև 24 միլիոն շրջանառությամբ փոքր բիզնեսը։ Նման հնարավորությունը ուզում են տարածել նաև տեղական հումքով գինի և օղի արտադրողների վրա, թեև հիմա նրանք, ովքեր թողարկում են ենթաակցիզային ապրանքներ, կարող են աշխատել շահութահարկով և ԱԱՀ-ով։

Փոփոխությունների նախագիծն առայժմ քննարկվում է խորհրդարանում։ Այն ուժի մեջ կմտնի 2020թ․-ից։