Գլոբալ խափանում. Facebook, Instagram և WhatsApp ցանցերը կաթվածահար վիճակում են

Ամենից շատ խնդիրների մասին տեղեկություններ ստացվում են եվրոպական երկրներից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խափանումները Եվրոպայում տեղակայված սերվերների հետ են կապված:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. #Facebook,  #Instagram  և #WhatsApp սոցիալական ցանցերը ժամանակավորապես կաթվածահար են. օգտատերերը հայտնում են, որ ծրագրերը խափանումներով են աշխատում:

Գլոբալ խափանումն առաջացել է Facebook-ում, խնդիրներ են գրանցվել նաև Instagram-ում և WhatsApp-ում. ամենից շատ խնդիրներ գրանցվել են եվրոպացի օգտատերերի մոտ:

Զիջի՛ր. ամեն վայրկյանը կարևոր է. Արսեն Թորոսյանը նկարահանվել է սոցիալական գովազդում

«Խնդիրները գլոբալ են, սակայն դրանց պատճառները դեռևս հայտնի չեն»,-այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց սոցմեդիա փորձագետ Տիգրան Մատինյանը: Նրա խոսքով՝ խափանումների մասին տեղեկություններ տարածվել են մոտ մեկ ժամ առաջ, ամենից շատ խնդիրների մասին տեղեկություններ ստացվում են եվրոպական երկրներից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ խափանումները Եվրոպայում տեղակայված սերվերների հետ են կապված:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով էլ՝ բազմաթիվ ազդանշաններ են ստացվել ցանցերում առկա խնդիրների մասին. խնդիրներից մեկը նորությունների չթարմացող պատն է: Նա հավելել է, որ թերևս խնդիրների մասին չգիտի նաև Facebook-ը, որովհետև պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել: