Տյումենում չեզոքացրել են «ԻՊ»–ի երկու կողմնակցի․ հակաահաբեկչական գործողության տեսանյութը

Հակաահաբեկչական գործողության ընթացքում հասարակ քաղաքացիներն ու իրավապահները չեն տուժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. ապրիլի 13-ի գիշերը Տյումենում ուժայինները հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» (արգելված է մի շարք երկրներում) ահաբեկչական խմբավորման երկու կողմնակցի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հակաահաբեկչական ազգային կոմիտեի տեղեկատվական կենտրոնին։

Կենտրոնի տվյալների համաձայն՝ օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում Տյումենի մարզի Անվտանգության դաշնային ծառայության վարչությունը տեղեկություն է ստացել, որ մասնավոր տներից մեկում արգելված կազմակերպության կողմնակիցներ կան։ Տան հարակից տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։ ԱԴԾ-ի տվյալներով՝ գրոհայինները ծրագրել էին ահաբեկչական գործողություն իրականացնել այն վայրում, որտեղ մեծ թվով մարդիկ կան։

«Զենքը վայր դնելու և իշխանությանը հանձնվելու առաջարկությանը ի պատասխան ահաբեկիչները կրակ են բացել իրավապահ մարմինների ուղղությամբ։ Փոխհրաձգության ընթացքում նրանք չեզոքացվել են», - նշել են կոմիտեից։

Հայտնի է նաև, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում հասարակ քաղաքացիներն ու իրավապահները չեն տուժել։