ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Սանիթեք» ընկերությունն ու Երևանի քաղաքապետարանը կհամագործակցեն նոր ձևաչափով։ Ընկերությունը հարկ է համարել պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայտարարություն է տարածել:
«Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ։ «Սանիթեք» ընկերությունն այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։ Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը»,– նշված է ընկերության հայտարարության մեջ։
Ըստ «Սանիթեքի»` շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը։ Ընկերության հայտարարության մեջ նշված չէ նոր համագործակցության մանրամասները։
«Եվս մեկ անգամ հայցում ենք ձեր բոլորի ներողամտությունը և խոստանում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել մեր սիրելի քաղաքի աղբահանության խնդիրը և վերջնականապես ունենալ անաղբ և մաքուր Երևան»,– հայտնել է «Սանիթեք» ընկերության տնօրինությունը։
Նշենք, որ վերջին շրջանում Երևանում կրկին հայտնվել են աղբի կույտերն ու բերնեբերան լցված աղբամանները։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ էր ավելի վաղ հայտնել, որ Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է:
«Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում եւ չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում»,– նշել էր նա:
Կարապետյանը նշել էր, որ քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու եւ վերջնական լուծում տալու ուղղությամբ: