Փրկարարները վարարած Աղստևից դուրս են բերել խեղդվող կենդանուն. տեսանյութեր

Համացանցում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են փրկում եղնիկին, մյուսում` թե ինչ են անում կենդանուն փրկելուց հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում փրկարարները փրկել են գետն ընկած եղնիկին։

ԱԻՆ աշխատակիցներն իրենց կյանքը վտանգելով` մտել են վարարած գետն ու ջրից անվնաս դուրս բերել խեղդվող կենդանուն։

Եղնիկի ճակատագրով մտահոգ իջևանցիները կամրջի վրա հավաքված հետևել են փրկարարական գործողությանն ու իրենց նկարահանած տեսանյութը հրապարակել են Facebook սոցիալական կայքում։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին, բայց փրկելու գործողության կադրերը վերջին երկու օրերին են սկսել տարածվել համացանցում, ու մարդիկ արդեն ավելի քան 20 հազար անգամ դիտել են տեսանյութը։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն էլ հայտարարել է, որ ԱԻՆ–ի աշխատակիցներն Աղստև գետից փրկված եղնիկն հանձնել են տեսչությանը։

Տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները կենդանուն անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո բաց են թողնել վայրի բնություն ու այդ մասին պատմող իրենց տեսանյութը հրապարակել Facebook–ում։

Բնապահպանության և ընդերքի տեսչությունը շնորհակալություն է հայտնում դեպքի մասին ահազանգող քաղաքացիներին ու կենդանուն փրկող մասնագետներին։