«Երբ ամիսներ առաջ Զարթոնք գյուղում խնդիր ծագեց, մենք կապի մեջ ենք եղել գյուղացիների և համայնքի ղեկավարի հետ։ Փորձել ենք հանդիպում կազմակերպել մարզպետարանում, կողմերին հրավիրել մեկ սեղանի շուրջ քննարկումների, սակայն կողմերը չեն ներկայացել»,-արձանագրում է Արմավիրի մարզպետը։
Համբարձում Մաթևոսյանը նշում է, որ Զարթոնք համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հետ ունեն նախնական համաձայնություն, որ եթե գյուղի բնակիչները ներկայացնեն անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ, ապա գյուղապետը պետք է հրաժարական տա։
«Մենք փորձել ենք Զարթոնք գյուղում ստեղծված իրավիճակը լուծել օրինական ճանապարհով և կողմերին հորդորում ենք գործել օրենքի սահմաններում»,-վստահեցնում է պաշտոնյան։
Համբարձում Մաթևոսյանի խոսքով, ըստ օդում կախված լուրերի, կան ուժեր, որոնք աշխատում են նաև իր դեմ։
Երկու օր շարունակ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակը լարված է եղել։ Ապրիլի 14-ին մի խումբ գյուղացիներ հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետ` Պարույր Սարգսյանի տան վրա, վնասել գյուղապետի անձնական ու ծառայողական ավտոմեքենաները։ Տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով օդ է կրակել։