Հայաստանի ու Ադրբեջանի բնակիչները բանակցությանը զուգահեռ պետք է սկսեն շփվել. քաղաքագետ

Ղարաբաղյան հարցով միջնորդները պետք է խթանեն ժողովուրդների միջև երկխոսությունը` նախևառաջ ազդելով Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցություններին զուգահեռ հայկական ու ադրբեջանական հասարակությունների միջև պետք է երկխոսություն հաստատվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան

Բանակցություններում ամենակարևոր ու դժվար հարցը, ըստ նրա, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդհանուր հայտարարի գան, ինչը բավականին դժվար է, քանի որ սկզբունքային հարցերում հակառակ դիրքորոշումներ ունեն։

«Հայաստանում երբեք չեն համաձայնի, որ Արցախը Ադրբեջանի կազմում լինի։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանում չկա այնպիսի դիրքորոշում, ըստ որի` Ղարաբաղը կարող է Ադրբեջանի կազմից դուրս լինել», - ասաց Բոզոյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այդ հարցը թույլ չի տալիս, որ բանակցային գործընթացում որևէ լուրջ առաջընթաց լինի։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների` Մոսկվայում կայանալիք հանդիպումը, քաղաքագետի կարծիքով, որևէ առաջընթաց չի տա։ Նիկոլ Փաշինյանը դեռ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ ասել էր, որ իրենց շատ ժամանակ է հարկավոր հարցն ուսումնասիրելու ու փորձ կուտակելու համար։

«Դա ակնարկ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ առաջիկայում պետք չէ արագ լուծման սպասել», - ասաց Բոզոյանը։

Որոնք են ղարաբաղյան կարգավորման կենսական նշանակություն ունեցող կետերը. հիշեցրել է ՀՀ ԱԳՆ–ն

Քաղաքագետը կասկածում է, որ առաջիկայում կարող է որևէ փոխզիջում լինել։ Պետք է համակերպվել, որ նման հակամարտություն կա, ընդ որում՝ ոչ միայն Արցախում, այլև ամբողջ աշխարհում։ Օրինակ` Քաշմիրը, Կիպրոսը։

Միաժամանակ նա կարևորում է ղարաբաղյան բանակցությունների շարունակելի հարցը։ Բոզոյանը համամիտ է Փաշինյանի հետ, որ բանակցություններին զուգահեռ պետք է երկխոսություն սկսել հասարակությունների, տարբեր շերտերի, սովորական մարդկանց միջև։

«Այսօր ղարաբաղյան հակամարտությունն այն հազվադեպ հակամարտություններից է, որում մարդկային սովորական շփում չկա։ Օրինակ` Կիպրոսում նման բան չկա, նույնը կարելի է ասել նաև արաբա-իսրայելական հակամարտության մասին», - նշեց քաղաքագետը։

Քանի դեռ հենց հասարակության միջից դուրս չեն բերվել վախերը, միֆերն ու ատելությունը (մասնավորապես դա վերաբերում է Ադրբեջանին, որտեղ դա պետական մակարդակով է քարոզվում), անհնար է լուծման մասին խոսել։ Բավական է միայն այն փաստը, որ հայկական ազգանուն ունեցողներին արգելում են մուտք գործել այդ երկիր։

Հայաստանը ղարաբաղյան խաղաղ կարգավորման կողմնակից է. Միրզոյանը` Դաշնային Խորհրդում

Միջնորդները, նրա կարծիքով, պետք է այդ հարցին ընդգծված ուշադրությամբ վերաբերվեն, առաջին հերթին, ազդեն պաշտոնական Բաքվի պետական քաղաքականության վրա։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը կայանալու է ապրիլի 15-ին Մոսկվայում։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։