Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը երեք մեդալ բերեցին Հայաստանի հավաքականին

Գոռ Մինասյանը ծնկահոդի վնասվածք ուներ, բայց արեց առավելագույնը, ինչ հնարավոր էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հատեց վերջնագիծը: Գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը բրոնզե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժությունում նվաճեց արծաթե մեդալ, իսկ երկամարտում զբաղեցրեց երրորդ տեղը:

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Գերծանր քաշայինների մրցաշարը աշխարհի նոր ռեկորդով ավարտեց վրացի Լաշա Տալախաձեն: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տալախաձեն հրում վարժությունում ցույց տվեց 260կգ: Երկամարտում երկրորդ արդյունքը ունեցավ Վրաստանի մյուս ներկայացուցիչ Իրակլի Թուրմանիձեն, իսկ եռյակը 440կգ արդյունքով եզրափակեց Ռուբեն Ալեքսանյանը:

Գերծանր քաշայինների մրցավեճում նախօրոք պարզ էր, որ հաղթողի հիմնական հավակնորդը վրացի Լաշա Տալախաձեն է: Միևնույն ժամանակ հավատում էինք, որ հայ երկու ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը, կկարողանա արժանի դիմադրություն ցույց տալ ահեղ մրցակցին:

Բայց մրցումների ընթացքում պարզվեց, որ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը ծնկահոդի վնասվածք ունի, ու հայ ծանրորդը այս պայմաններում արեց առավելագույնը, ինչ հնարավոր էր: Պոկում վարժությունում Մինասյանը 200կգ արդյունքով վաստակեց բրոնզե մեդալ, իսկ Ալեքսանյանը 195կգ արդյունքով հինգերորդն էր:

Հրում վարժությունում Մինասյանը 222կգ բարձրացնելուց հետո արդեն չկարողացավ շարունակել պայքարը ու երկամարտում 422կգ արդյունք գրանցեց: Իսկ ահա Ռուբենը դժվարին պայքարում կարողացավ շրջանցել Իրակլի Թուրմանիձեին հրում վարժությունում, բայց երկամարտում զիջեց նույն մրցակցին:

Այսպիսով Բաթումում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում ունեցանք Եվրոպայի երկու չեմպիոն՝ Հակոբ Մկրտչյանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկամարտում): Ընդհանուր առմամբ մրցաշարում Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները վաստակեցին 15 մեդալ՝ հինգ ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե: