ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ծովագյուղից Ճամբարակ տանող ճանապարհի սկզբնամասում։ Դիմահար բախվել են «Նիվա» և «Պրիորա» մակնիշի ավտոմեքենաները։
«Նիվայի» ուղևորը, որը երիտասարդ տղա է, տեղում մահացել է։
Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սևանի հիվանդանոց են տեղափոխել մեքենաների վարորդները։
Մեր տեղեկություններով՝ նրանց վնասվածքները լուրջ են։ Նախնական վարկածով մեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց ուղի, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։
Տեղում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։