«Քաղաքացու օրվա» առթիվ Գյումրիում 500 հազար դրամ «օդ կնետեն»

Հայրենի տոնացույցում արդեն լրիվ պաշտոնապես սահմանվեց նոր տոն՝ «Քաղաքացու օր»: Նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի դա ապրիլի 27-ն է: Արդեն իսկ տեղական ինքնակառավարման մարմինները, «ուրբաթը շաբաթից շուտ եկավ» մոտեցմամբ, այսինքն՝ մի ոտք առաջ ընկած, պատրաստվում են, ըստ ԿԳ նախարարի, անկախությունից հետո «երկրորդ կարևոր տոնը» նշելուն:
Sputnik

Շիրակի մարզկենտրոն Գյումրու ավագանու, այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմնի նիստն էր այսօր: Այն ուղիղ հեռարձակվում էր համացանցով, և ցանկացողները կարող էին հետևել: Միայն առաջին հայացքից է թվում, թե այդ ի՞նչ պիտի քննարկեր Գյումրու ավագանին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, որ այդքան կարևոր թվար Գյումրիում ու անգամ Շիրակի մարզում չբնակվող որևէ քաղաքացու, առավել ևս՝ լրագրողի: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:

ԱԺ–ն որոշեց` «Քաղաքացու օրը» կնշվի, գազը կվաճառվի կիլոգրամներով

Բանն այն է, որ Գյումրու ավագանին որոշեց, ըստ որում՝ միաձայն («դեմ» և «ձեռնպահ» քվեարկողներ չեղան), որ «Քաղաքացու օրը» հավուր պատշաճի նշելու համար բյուջեից կհատկացվի 1 միլիոն ՀՀ դրամ: Հատկացվելիք գումարի ծախսային «բացվածքը» նույնպես նշվեց. 500 հազար դրամը՝ հրավառության համար, 250 հազար դրամը՝ ֆուրշետ-հյուրասիրություն կազմակերպելու համար, իսկ վերջին 250 հազար դրամն էլ՝ «արհեստների ու արվեստների վայրեր» քաղաքացիներին տեղափոխելու տրանսպորտային խնդիրները հոգալու համար:

Մի խոսքով, ընդհանուր առմամբ, կուլտ-մասսայական ստանդարտ մոտեցում: Հա, ու որ ամեն ինչ լիարժեք լինի, գիշերն էլ՝ հրավառություն: Տոն է, ֆսյո-տակի, չէ՞:

-Ծո, խելռա՞ք,-երևի կարձագանքեր Մհեր Մկրտչյանը, եթե ինչ-որ հրաշքով հայտնվեր այսօր Գյումրու ավագանու նիստի դահլիճում: Բայց դա զուտ երևակայական պատկեր է հիմա, ֆանտազիա: Իսկ այ, «Քաղաքացու օր» նշելու համար 500 հազար դրամ «օդ նետելը» կամ հրավառության տեսքով քամուն տալը` կոնկրետ ծրագրված, փաստորեն արդեն ֆինանսավորվող իրականություն:

Գյումրին, իհարկե, հայրենական հումորի մայրաքաղաքն է, բայց արժե՞ արդյոք նման դառը կատակներ անել քաղաքային իշխանության խորհրդում, որն է՝ ավագանին:

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը նշելու «Քաղաքացու օրը»

Եվ հետո, հո միայն Գյումրին չէ՞ քաղաք, որքան էլ գյումրեցիները հավեսով կատակեն այդ թեմայով: Հայաստանում այլ քաղաքներ էլ կան, ասենք՝ Վանաձորը, Իջևանը, Կապանը, Արարատը, Արտաշատը, Սևանը, Գավառը, Գորիսը, Ալավերդին, Ստեփանավանը, Դիլիջանը վերջապես (բոլորը չթվարկենք): Հա, ու բոլոր այդ քաղաքներում ավագանիներն ու քաղաքապետները երևի բուռն ցանկություն կունենան, որ Գյումրուց հետ չմնան: Երևի որ հետո զեկուցեն տարածքային կառավարման մարմին մարզպետարաններում, նույնիսկ ավելի վերև, ասենք՝ տարածքային նախարարին, թե բա տեսա՞ք, պարոն մարզպետ (նախարար, վարչապետ, ի վերջո), ի՜նչ ճոխ նշեցինք «Քաղաքացու օրը», ի՜նչ հզոր սալյուտ տվեցինք:

Առհասարակ, «սալյուտը», նույն ինքը՝ հրավառությունը, անհեթեթություն է, մանավանդ, որ առիթ-անառիթ հրավառում են: Պետական մասշտաբով երևի միայն Հաղթանակի օրվան է հարիր հրավառությունը: Իսկ ամեն տոնական օրով, կոնկրետ «Քաղաքացու օրը» հրավառություն անելն ընդհանրապես անհասկանալի է:

Նախ` հրավառություններն ավելի շատ ասոցացվում են նախկին իշխանությունների հետ: Իսկ նոր ժամանակներին ավելի հարիր կլիներ, ասենք, 5 րոպե ու միաժամանակ վուվուզել փչելը կամ «սիգնալ տալը» կամ «կաթսա զարկելու» 10 րոպե հայտարարելը, ասենք՝ գիշերվա ժամը 2-ին:

Երկրորդ` եթե ամեն քաղաք 200-500 հազար դրամ ծախսի այդ «գործի» վրա, դա ուղղակի բյուջետային (թեկուզ համայնքային բյուջեի) միջոցների քամուն տալ է նշանակում, ուրիշ ոչինչ:

Տոնը կարելի է և ավելի ճիշտ նշել:

Քաղաքացու օ՞ր, տարի՞, թե՞ դարաշրջան. գուցե դեկտեմբերի 9-ն էլ «Ընտրողի՞ օր» հռչակվի

Այլոց միառժամանակ հանգիստ թողնելով` նկատեմ, որ չնայած վարչապետը խորհուրդ էր տվել, որ իրենց հետ համաձայն չլինողներն այդ օրը խաշ ուտեն (սեզոնի փակումն է, ի դեպ), բայց կարծում եմ` խաղաղ պայմաններում ավելի լավ քաղաքացիական զբաղմունք չկա, քան հող մշակելը, այգի կամ ծառ խնամելը: Կապ չունի՝ սեփական ամառանոցում, թե հանրային պուրակում: Սա՝ որպես հընթացս դիտարկում:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծում ենք` Գյուրիում «Քաղաքացու օրը» շատ ավելի տպավորիչ կարելի է նշել հետևյալ կերպ. քաղաքային իշխանությունն այդ օրը թող քաղաքացիների ընդունելություն կատարի, իսկ հրավառության համար նախատեսված միջոցներն էլ ավելացնի սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ցուցաբերվող նյութական աջակցության համար նախատեսված ու հատկացված մոտ 9 միլիոն դրամին: Այդպես ավելի ճիշտ կլինի, թերևս: Ու ինչո՞ւ միայն Գյումրիում: Թող «Քաղաքացու օրը» տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման մարմինները նվիրեն քաղաքացիների խնդիրների լուծմանը: Խնդրառատ երկրում ավելի լավ տարբերա՞կ կա, քան «Քաղաքացու օրով» թեկուզ մի քանի քաղաքացու հուզող խնդիր լուծելը, հարցին ընթացք տալը: Բայց առանց հրավառության, էլի: