Ղրիմի ափերի մոտ հնագետները կսկսեն «Արմենիա» կործանված ջերմանավի որոնողական աշխատանքները

«Արմենիա» ջերմանավի կործանումը 5 անգամ ավելի շատ կյանք է խլել, քան «Տիտանիկինը»՝ դառնալով պատմության մեջ ամենախոշոր ծովային աղետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հնագիտական արշավախումբը կսկսի` Յալթայի մերձակայքում 1941 թվականի աշնանը գերմանական ավիացիայի կործանած «Արմենիա» ջերմանավի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիին` հղում անելով Սևաստոպոլի պետական համալսարանի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ ջերմանավի կործանումը 5 անգամ ավելի շատ կյանք խլեց, քան «Տիտանիկինը»` դառնալով պատմության ամենախոշոր ծովային աղետը։

Խորհրդային «Տիտանիկը». «Արմենիա» ջերմանավի կործանման գաղտնիքը

Արշավ իրականացնելու մասին համաձայնագիր են ստորագրել Սևաստոպոլի պետական համալսարանը, սոցիալ–մշակութային նախաձեռնությունների հիմնադրամը, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ նավի կործանման վայրի հետախուզումը նախատեսված է անցկացնել 2019 թվականի մայիսին։

Ինչպես նշել է Ծովային ուսումնասիրությունների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Դմիտրի Տատարկովը, այն հատվածը, որտեղ ենթադրաբար գտնվում է «Արմենիան», ավելի քան 1000 մետր խորություն ունի և պետք է հետազոտվի շարժական հիդրոլոկացիոն համալիրի կիրառմամբ։

«Օբյեկտների նույնականացումն ու առանձին առարկաների բարձրացումը կիրականացվեն հեռակառավարվող ստորջրյա սարքերով», – ավելացրել է նա։

«Արմենիա» ջերմանավի կործանումը զոհերի քանակով համաշխարհային պատմության մեջ ծովային աղետներից ամենամեծն է։ Ջերմանավի կործանման պահին նրա վրա եղել են խորհրդային զինվորներ, փախստականներ, «Արտեկ» մանկական ճամբարի անձնակազմը, Սևծովյան նավատորմի հոսպիտալների բժիշկներ։

Բացի այդ, նավի վրա են գտնվել արխիվներ, թանգարանային հավաքածուներ և այլն։  Մինչ օրս «Արմենիայի» կործանման հստակ վայրը հայտնի չէ։ Ջերմանավը գտնելու փորձեր են ձեռնարկվել բազմիցս, սակայն ապարդյուն։