Թող դատի տա, ես էլ նրան դատի կտամ. Մատենադարանի տնօրենը գիտի իր անելիքը

Մատենադարանում մթնոլորտը լարված է. Մատենադարանի աշխատակիցն ասել է, որ դատի է տալու տնօրենին, տնօրենն էլ պատրաստվում է հակընդդեմ հայցով հանդես գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Մատենադարանի տնօրենը Վահան Տեր-Ղևոնդյանը դատի կտա Մատենադարանի աշխատակից, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, միջնադարագետ Արծրունի Սահակյանին: Տեր-Ղևոնդյանն այսօր այդ մասին ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ:

Արծրունի Սահակյանը հայտարարել էր, որ դատի է տալու Մատենադարանի տնօրենին զրպարտության համար, քանի որ նա նշել է, որ Մատենադարանում իր ղեկավարած խումբը ստեղծվել է կառույցի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանին վախեցնելով։ Սահակյանը ղեկավարում է Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբը, որն օրերս փակվել է։ Սահակյանի խոսքով` Մատենադարանի տնօրենն իր խումբը փակել է` անձնական վրեժխնդրությունից ելնելով։

«Սահակյանն ուզում է ինձ դատի տալ, խնդրեմ, կարող է դա անել, ես էլ իրեն դատի կտամ՝ ինձ վարկաբեկելու համար։ Նա թերթերում հոդվածներ է գրել՝ փորձելով վարկաբեկել իմ ատենախոսությունը, որի գաղտնի ընդդիմախոսը հենց նա էր։ Ուշագրավն այն է, որ նա, խախտելով օրենքը, բարձրաձայնել է, որ ինքն է իմ գաղտնի ընդդիմախոսը եղել»,– ասաց Տեր–Ղևոնդյանը։

Մատենադարանի տնօրենը, ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին, նշեց, որ 2018–ին Մատենադարանն ունեցել է 113 000 այցելու, իսկ Արցախի մասնաճյուղում նրանց թիվը 16 000–ի է հասել, ինչն լավ ցուցանիշ է։ Բացի այդ, ըստ նրա, նախորդ տարվա ընթացքում Մատենադարանի իրականացրած հրատարակումների արդյունքները թե՛ որակի, թե՛ քանակի առումով շատ գոհացուցիչ են։

Կարևոր քայլ մշակութային ոլորտում. Մատենադարանը մասնակցել է միջազգային ակադեմիական ֆորումին

«Հրատարակվել է «Մատենագիրք հայոցը», որը վերաբերվում է Ներսես Շնորհալու չափածո գործերին, նրա արձակ գործերին նվիրված մեկ հատոր էլ լույս կտեսնի առաջիկայում։ Բացի այդ, 30 տարվա ընդմիջումից հետո լույս է տեսել նաև «Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» գիրքը, որը հրաշալի աղբյուր է պատմաբանների համար։ Մատենադարանում պահվող պարսկերեն վավերագրերը նույնպես գրքի տեսքով հրատարակել են»,–ասաց Տեր–Ղևոնդյանը։

Նա հավելեց նաև, որ 2018–ի ընթացքում շարունակվել են համալրվել Մատենադարանի ֆոնդերը` նվիրաբերել են 51 ձեռագիր, ինչպես նաև մեծ թվով արխիվային նյութեր։