Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իր թոռնիկի հետ. ՀՔԾ պարզաբանում է և մանրամասներ ներկայացնում

ԸՍՏ ՀՔԾ–ի, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կողմից արված պնդումը, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականությանը չի համապատասխանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ ԶԼՄ–ներում տարածված հակասական մեկնաբանությունները։

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումը կհրապարակի ապրիլի 12-ին

«Մարտի 1-ի քրեական գործի նախաքննության շահերից ելնելով` 2018թ.-ի հուլիսի 28–ին որոշում է կայացվել արգելել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների  ներկայացուցիչների և այլ անձանց հետ, ինչպես նաև կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի  հետ:

2019թ. ապրիլի 4-ին պաշտպան Հովհաննես Խուդոյանը գրավոր միջնորդել է` թույլատրել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունը վերջինիս 2,5 տարեկան թոռնիկի հետ: Հաջորդ օրն իսկ՝ ապրիլի 5-ին, քննչական խմբի ղեկավարի կայացրած որոշմամբ երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանին: Ընդ որում, հաշվի առնելով, որ ապրիլի 5-ին հաջորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, պաշտպան Հովհաննես Խուդոյանի բանավոր խնդրանքով որոշումն առձեռն հանձնվել է նրան»,–ասված է հայտարարության մեջ:

Հետևաբար,ՀՔԾ–ն պնդում է, որ ապրիլի 4–ին լրագրողների հետ ճեպազրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի կողմից արված պնդումը, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, իրականությանը չի համապատասխանում: