ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը մայրաքաղաքի Երևանի թիվ 94 մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի հետ կապված ահազանգ է ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։
Նրա խոսքով` դեպքի հետ կապված իրենք արդեն իսկ տեղեկացրել են ոստիկանությանը։
«Մանկապարտեզի աշխատակիցը, ում դեմ բողոք է եղել, այժմ մեկնել է արձակուրդ: Նրա հետագա աշխատանքի նպատակահարմարության հարցը պետք է քննարկվի` իրավապահների գնահատականը հաշվի առնելով։ Սակայն հիմա, չխախտելով անմեղության կանխավարկածը, պետք է զերծ մնալ գնահատականներ տալուց»,–ասաց Կարապետյանը։
Ըստ նրա` եթե հաստատվի, որ մանկապարտեզի աշխատակիցն իրոք բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, նա ոչ միայն աշխատանքից կազատվի, այլ նաև պատասխան պետք է տա օրենքի առաջ։
Հարցին, թե նման ահազանգեր քաղաքապետարանը էլի՞ է ստացել` Կարապետյանը դրական պատասխանեց տվեց։