ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը արձագանքել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը։
Նա Twitter-ի էջում այդ թեմայով գրառում է կատարել. «Այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումն անտեսում է պատմական իրողությունները և սերմանում նոր թշնամություն։ Մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պոպուլիզմին աջակցող այս մոտեցումը, որը նաև անտեսում է համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մեր նախագահի կոչը»։
Հիշեցնենք, որ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել է բանաձևը, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։ Բանաձևին կողմ է քվեարկել 382 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։