ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Մեր հեղափոխության մեջ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն չի եղել։ Այս մասին այսօր ԵԽԽՎ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով պատվիրակների հարցերին։
«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ, որևէ կազմակերպության դեմ չէ։ Հայաստանի ժողովուրդը հեղափոխությունն իրականացրել է հանուն իր ազատ ու երջանիկ ապագայի, և մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր գործընկերների հետ»,– ասաց նա։
Փաշինյանը շեշտեց նաև, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, այս պահին նախագահող է այդ կառույցում։
«Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք, որ առավել արդյունավետ դարձնենք այդ կազմակերպությունը։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար»,– ասաց նա։
Անդրադառնալով ՌԴ–ի հետ ռազմական համագործակցությանն ու ՀԱՊԿ–ին, Փաշինյանն ասաց, որ Հայաստանն ամեն ինչ անելու է այդ կառույցին իր անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։
Ինչ վերաբերում է ԵՄ–ի հետ հարաբերություններին, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցության պայմանագրի բովանդակությունը լիարժեք համընկնում է Հայաստանի իշխանության որդեգրած բարեփոխումների օրակարգի հետ։