Հայ բուքմեյքերը հավաքում է խաղասարքերը, բայց պայքարելու է օրենքի խստացման դեմ

Ընկերության տնօրենը լսել է վարչապետի կոչերն ու զիջման է գնում խաղասարքերի հարցում, բայց շարունակելու է պայքարել Ալեն Սիմոնյանի օրինագծի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Goodwinbet» բուքմեյքերական ընկերությունն ինքնակամ հավաքել է գազալցակայաններում տեղադրված խաղասարքերը, բայց պայքարում է վիճակախաղերի ու մոլախաղերի կազմակերպման պայմանների խստացմանն ուղղված օրինագծի դեմ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության տնօրեն Սարգիս Միքայելյանը։

Գործազրկության կատալիզատոր, թե տոտալիզատորների վախճան. ի՞նչ կտա խստացումը

Օրինագծի համաձայն` խաղասարքերն ու այլ մոլախաղերը` ներառյալ տոտալիզատորները, կարող են գործել միայն սահմանված գոտիներում` Ծաղկաձորում, Սևանում, Ջերմուկում ու Մեղրիում։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել էր, որ խաղասարքերը չարիք են, որի դեմ պետք է պայքարել։

Միքայելյանի խոսքով` հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի մտահոգությունները գազալցակայաններում տեղադրված սարքավորումների վերաբերյալ, ընկերությունն ինքնակամ կհանի իր սարքավորումները գազալցակայաններից և կտեղափոխի բույքմեյքերական գրասենյակներ, թեև եկամտի 50%–ը կորցնելու վտանգ կա։

Միաժամանակ Միքայելյանն ընդգծեց, որ իշխանությունը որևէ ճնշում չի գործադրել ընկերության ու անձամբ իր վրա։

Մոլախաղերն ու տոտալիզատորները «կվտարվեն» Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան և Մեղրի

Ինչ վերաբերում է վիճակախաղերի ու մոլախաղերի կազմակերպման պայմանների խստացմանը, ապա այս հարցում ընկերությունը չի պատրաստվում զիջումների գնալ, քանի որ դա, ըստ տնօրենի, կարող է սնանկացման հանգեցնել։

Միքայելյանը կարծում է, որ հեղինակներն ավարտի չեն հասցրել նախագիծն ու մանրակրկիտ չեն ուսումնասիրել իրավիճակը։ Նրա կարծիքով` խաղամոլության դեմ պայքարը պետք է առաջին հերթին համացանցում իրականացվի։ Նա կարծում է, որ բուքմեյքերական ընկերությունների գործունեության արգելքը ցանկալի արդյունքի չի բերի։

«Համացանցում խաղն ավելի գրավիչ է, քանի որ մի անգամ գրանցվելուց հետո կարելի է անվերջ խաղալ։ Իսկ գրասենյակի դեպքում մարդը պարտավոր է անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնել։ Բացի այդ, համացանցում գրեթե անհնար է վերահսկել անչափահասների մասնակցությունը խաղերին, քանի որ նրանք կարող են ուրիշների հաշիվներից խաղալ», – նշեց նա։

Միաժամանակ Միքայելյանը կարծում է, որ Երևանում գրասենյակների փակումը կհանգեցնի համացանցում մենաշնորհի ստեղծման, քանի որ ընկերություններից մեկը գովազդային ագրեսիվ արշավ է իրականացնում ու լուրջ ռեսուրսներ ունի։ Այդ առումով նա ճիշտ է համարում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի` օրինագծի քվեարկությունը հետաձգելու որոշումը, որպեսզի հարցն ավելի մանրամասն քննարկվի:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծի հեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»)։ Նրանց կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։