Ֆիննախը քաղաքացիներին կվերադարձնի ավել վճարված բնապահպանական գումարները

Այդ գումարները կվերադարձվեն 6 ամսվա ընթացքում, դրանից հետո գումարների վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Այն քաղաքացիները, որոնք 2018 –ի հունվարից սկսած մինչև հունիս ամսվա օրենսդրական փոփոխությունները մեքենաների տեխզննման համար ունեն ավելի վճարված բնապահպանական գումարներ, կարող են ապրիլի 11-ից հետո, վեց ամսվա ընթացքում հետ ստանալ այն: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Բնապահպանական վճարները հետ ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն համապատասխան բանկ կամ ՖՆ գանձապետարան:

Հետդարձի ճանապարհ չի լինելու. ՊԵԿ–ը բավականին շատ հարկ է հավաքել 1–ին եռամսյակում

«Եթե քաղաքացին վճարումը կատարել է բանկի միջոցով՝ դիմումին կից պետք է ներկայացնի տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը և բնապահպանական հարկի վճարման անդորրագիրը: epayment.am էլեկտրոնային համակարգի միջոցով կատարված վճարման դեպքում՝ վերադարձն իրականացնում է գանձապետարանը»,–ասել է ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը։

Նրա խոսքով` վճարման կտրոնը ներկայացնելը պարտադիր է՝ համաձայն կարգի: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն պահպանել անդորրագիրը, բանկի միջոցով հնարավորություն կունենան ստանալու կրկնօրինակը, որովհետև բանկն այդպիսի հնարավորություն ընձեռում է։

Ըստ Ալավերդյանի` ավել վճարված գումարի չափը պարտադիր չէ, որ ինքը` քաղաքացին հաշվակի: Անհրաժեշտ է մոտենալ բանկ և քաղաքացուն կտրամադրեն այդ տեղեկատվությունը:

Ի դեպ, համաձայն ընթացակարգի՝ այդ գումարները վերադարձվելու են 6 ամսվա ընթացքում: Ուստի դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել առաջիկա 6 ամիսների ընթացքում, դրանից հետո գումարների վերադարձման ընթացակարգ նախատեսված չէ: