ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, ՀՀ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, կշարունակի մնալ անազատության մեջ։ Դռնփակ նիստից հետո լրագրողներին այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանը նշեց, որ դեռ հայտնի չէ` կբողոքարկեն վճիռը Վճռաբեկ դատարանում, թե ոչ, բայց հիշեցրեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի արդեն Մանվել Գրիգորյանի գործի քննությունը, որի առաջին նիստում իրենք կբարձրացնենք նաև խափանման միջոցի հարցը։
«Ըստ օրենքի`առաջին իսկ դատական նիստի ժամանակ պետք է քննարկվի խափանման միջոցի հարցը։ Այնպես որ նորից կբարձրաձայնենք։ Բացի այդ, պետությունը պատասխան է ներկայացրել ՄԻԵԴ, և մեր գործընկերները հիմա աշխատում են դրա վրա, դիրքորոշումներ են հայտնում, և ըստ ամենայնի, միջազգային կառույցներով, ներպետական ատյաններով կփորձենք պաշտպանությունը պատշաճ իրականացնել»,– ասաց փաստաբանը։
Մկրտչյանը նշեց նաև, որ հատկացված ժամանակահատվածում հասցրել են ծանոթանալ գործի նյութերին, և Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների հետ կապված դատական նիստը հետաձգելու հարց չեն բարձրացնի։
Հիշեցնենք` 2018թ–ի հունիսի 17-ին ԱԱԾ–ն տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան տարածքում կատարված խուզարկության արդյունքները:
2019թ–ի փետրվարի 14-ին ՀՔԾ–ն հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ավտոմեքենաներ, պահածոյացված սնունդ։