ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրին և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Այս մասին նշված է վարչապետի պաշտոնական կայքում։
Հանդիպմանը քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի գործունեությանը և, մասնավորապես, առաջին մշակութային նախագծին՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Նախատեսվում է, որ կենտրոնում կգործեն Շառլ Ազնավուրի ինտերակտիվ, տեխնոլոգիապես գերհագեցած թանգարանը և եզակի կրթամշակութային կենտրոն երիտասարդների համար:
Երևանում Շառլ Ազնավուրի կյանքի, գործունեության և կարիերայի մասին կենտրոնի կառուցումը հայ ժողովրդի և Հայաստանի հարգանքի տուրքն է մեծն հայի հիշատակին»,–ասել է Փաշինյանը։
Վարչապետն իր աջակցությունն է հայտնել անձամբ Շառլ Ազնավուրի կողմից մշակված նախագծի իրականացմանը և հանձնարարել է պատկան գերատեսչությունների պատասխանատուներին՝ սերտ համագործակցել «Ազնավուր» հիմնադրամի հետ այս ուղղությամբ: