Մարտիրոս Սարյանի թոռնուհին մեկնաբանել է պետական ֆոնդերից կորած ցուցանմուշների լուրը

Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի Ռուզան Սարյանը Sputnik ռադիոկայանի հայաստանյան թղթակցի` Էլինա Ղազարյանի հետ հարցազրույցում խոսել է պետական ֆոնդերից կորած ցուցանմուշների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի պետական ֆոնդերում նկարները սարսափելի պայմաններում են պահվում։ Sputnik ռադիոկայանի թղթակից Էլինա Ղազարյանին այս մասին ասել է Մարտիրոս Սարյանի թոռնուհին` Ռուզան Սարյանը` անդրադառնալով ֆոնդերից կորած ցուցանմուշների թեմային։

ՀՀ պետական ֆոնդերից անհետացել են 120 250 000 դրամ արժեքով մշակութային 626 նմուշ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն։ Կորած արժեքների շարքում են նաև բացառիկ գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկար՝ Մարտիրոս Սարյանի` 60 000 000 դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հովհաննես Զարդարյանի` 2 000 000 դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը:

Հետ տվեք մեր նկարները. ու՞ր են ազգային պատկերասրահի հարյուրավոր արժեքները

«Այնտեղ արվեստի գործ պահելը նշանակում է դատապարտել ոչնչացման։ Ավելի ուշ նկարները պետական գրադարան փոխանցվեցին, հետո նոր` Ազգային պատկերասրահ», – ասաց Սարյանը։

Նրա խոսքով` նկարներին հնարավոր չէր մոտենալ սնկերի ու ներկի փտման պատճառով։  Ռեստավրատորներն արվեստի գործների հետ աշխատել են ձեռնոցներով ու դիմակներով։

«Այնտեղ Սարյանի աշխատանքներից միայն մեկն էր  մնացել` Շահոսկի Սահակյանի դիմանկարը։ Փաստաթղթերը ձևակերպելուց հետո նկարը փոխանցեցին մեզ` Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան։ Նշանակում է` կորած կտավը շատ ավելի վաղուց է կորել։ Այնտեղ վաղուց է այդ վիճակը», – նշեց գեղանկարչի թոռնուհին։

Սարյանը կարծում է, որ պետք է մանրակրկիտ վերլուծություն անցկացնել ու գլուխ հանել այն ամենաթողությունից, որը 90–ականների սկզբին տիրել է Հայաստանում։