Համաներումից առաջ արդեն պարզ էր, որ հանցագործություններն ավելանալու են. Զեյնալյան

Պետական ծրագրեր են իրականացվում, որպեսզի համաներմամբ ազատվածներն աշխատանք ունենան, նպաստ ստանան, որպեսզի ստիպված չլինեն դիմել գողության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Համաներում հայտարարելուց առաջ կանխատեսվում էր, որ հանցավորության աճ տեղի կունենա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Յուրաքանչյուր համաներումից հետո համաներված և ազատ արձակված ինչ-որ քանակությամբ անձինք կրկին վերադառնում են քրեակատարողական հիմնարկներ»,– ասաց Զեյնալյանը` միաժամանակ հավելելով, որ այդ անձանց նկատմամբ դեռևս չկան ուժի մեջ մտած դատավճիռներ և այդ պնդումը դեռևս մինչև վերջ հաստատված չէ։

Համաներվածները կրկնակի հանցագործություններ են անում

Արդարադատության նախարարը նշեց, որ նման զարգացում կանխատեսվում էր համաներման մասին օրենքի ընդունումից առաջ, բայց այդուհանդերձ, օրենքը որոշվեց ընդունել որպես մարդասիրական ակտ` արժևորելու համար Երևանի հիմնադրման` 2800 և Հայաստանի 1–ին Հանրապետության 100–ամյակը։

Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ ոլորտի բարեփոխումների շրջանակներում նաև պետական ծրագրեր են իրականացվում ազատազրկման վայրերից ազատված անձանց վերասոցիալականացմանն ուղղված։

«Որպեսզի նրանք ունենան աշխատանք, եթե չունեն, ստանան նպաստ, որպեսզի ստիպված չլինեն իրենց կենսական խնդիրները լուծելու համար դիմել գողության»,– ասաց Զեյնալյանը։

Հիշեցնենք` 2018թ.–ի վերջին ընդունվեց Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին օրենք, որի համաձայն` պատժի հետագա կրումից առաջնահերթ ազատվեցին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները, հղի կանայք, երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցողները, մինչև երեք տարեկան երեխա ունեցողներն ու 60 տարին լրացած անձինք։

Հունվարի վերջին տված իր ասուլիսում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ասել էր, որ 581 համաներվածներից 30-ն արդեն հասցրել են այս ամիսների ընթացքում 42 նոր հանցագործություն կատարել։