«Ֆեյք» լինելն օրենքի խախտում չէ. Վանեցյան

ԱԱԾ-ն նախօրոք չի ասում իր անելիքները։ Վանեցյանն անդրադարձել է «ֆեյքերի» դեմ պայքարի ներկա վիճակին ու հնարավոր զարգացումներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Իշխանությունը գումար չի ծախսում «ֆեյք» էջեր պահելու համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով «ֆեյք» էջերի դեմ սկսած պայքարի թեմային։

Ինչ կլիներ, եթե ՀՀԿ–ականներից մեկին քերծեին. Փաշինյանը խոսեց «ֆեյքերի» դեմ պայքարի մասին

Խոսելով «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը վարող քաղաքացու նկատմամբ հարուցված քրեական գործի մասին` Վանեցյանը հայտնեց, որ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 226–րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է` ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։

Հարցին, թե կա՞ն արդյոք ԱԱԾ ուշադրության կենտրոնում հայտնված այլ «ֆեյքեր», Վանեցյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն նախօրոք չի ասում իր անելիքները։ Եթե կլինեն, կիմանաք»։ Իսկ «Դուխով Հայաստանի» գործով, ըստ Վանեցյանի, ներկա պահին քրեաիրավական կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան։

Ինչ վերաբերում է «ֆեյք» լինելուն, ԱԱԾ տնօրենը նշեց, որ դա ինքնին օրենքի խախտում չէ, քանի որ անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է։

«Այլ բան է, եթե այդ մարդը, հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որը պարունակում է հանցակազմ»,– ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սոցցանցերում ու ԶԼՄ–ներում ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարելու անհրաժեշտություն է հասունացել։ Նա ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին կարգադրել էր զբաղվել այդ հարցով, քանի որ դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Ապրիլի 5-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է մի անձ, որը Facebook–ում վարել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը։ Ապրիլի 9-ին նրան կալանավորել են։