Ձեռնպահ մնացեք. ԱԳՆ–ի արձագանքը` տրանսգենդերի ելույթի մասին միջազգային կառույցների կոչին

Հայաստանի միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Մեր միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը`արձագանքելով Երևանում հավատարմագրված որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների անունից հնչած կոչերին։

Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին

Նշենք, որ ՀՀ Ազգային Ժողովում մարդու իրավունքներին նվիրված քննարկումների ժամանակ տրանսգենդերի ելույթի, դրան հաջորդող այդ ելույթի դեմ բողոքի ակցիաների համար ԵՄ-ն հայտարարություն էր տարածել։ Մասնավորապես, ԵՄ–ն հորդորել էր դատապարտել ատելության խոսքը, և կոչ արել իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ։

«Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել»,–նշել է Նաղդալյանը

Նա նաև հավելել է, որ իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Նաղդալյանի խոսքով` ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։

«Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ»,–ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին խորհրդարանում հանրային լսումներ էին անցկացվում. օրակարգում նշված էր դատաիրավական համակարգի բարեփոխման, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերի քննարկում։ ՀԿ–ների ներկայացուցիչներ էին հրավիրվել, այդ թվում «Իրավունքի կողմը» ՀԿ–ն, որի նախագահն է Լիլիթ Մարտիրոսյանը։ Հենց նա էլ հանդես եկավ ելույթով՝ սկանդալային հայտարարություն անելով այն մասին, որ ինքը տրանսգենդեր է։