ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամուսնալուծվել է։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Դատական գործում նշված է, որ 2018 թվականի դեկտեմբերի 19-ին դատավոր Արա Կուբանյանը ամուսնալուծության վճիռ է կայացրել, որով բավարարել է Աբրահամի կնոջ` Մերի Աբրահամյանի հայցն ընդդեմ ամուսնու։
«Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում: Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից»,– ինչպես նշված է դատական գործում, այս մասին ասել է կնոջ փաստաբանը:
Սկզբում երեխան բնակվել է մոր հետ, իսկ հայրը պարբերաբար տեսակցել է նրան: 2018թ–ի փետրվարի 13-ին երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո հայրը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Կողմերը համաձայնել են, որ իրենց անչափահաս որդին բնակվի Մերի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում:
Նախկին ամուսինները համաձայնության են եկել, որ հայրը պետք է ամսական 500 հազար դրամ ալիմենտ վճարի երեխայի համար։
Ի դեպ, զույգն ունի մեկ տղա` Գրիգոր Աբրահամյանը, որը 3 տարեկան է, ԳԴՀ քաղաքացի։
Աբրահամն ամուսնացել էր 2015–ին։ Նա այդ ժամանակ հայտարարել էր, որ կինը սովորում է ԵՊՀ–ում և ավելին ասել չի ուզում, քանի որ դա իր անձնական կյանքն է։
Արթուր Աբրահամը (իսկական անունը` Ավետիք Աբրահամյան) կարիերան սկսել է Հայաստանում, սակայն 90-ականների կեսերին ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և կարիերան շարունակել գերմանական դրոշի ներքո։